Երեւանի Ագաթանգեղոս 1 հասցեում գտնվող «Երեւանյան կրկեսի» շենքի գմբեթն այսօր` հուլիսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում պայթեցվել է (ֆոտոռեպորտաժ):Պայթեցումն  անցել է ծրագրվածի պես, առանց որեւէ միջադեպերի: Պայթեցումից մի քանի ժամ առաջ դադարեցվել է հարակից փողոցներում երթեւեկությունը, մարդկանց շարժը: Տարածքը «մաքրելուց» եհտո Արտակարգ իրավիճակների պայթեցման խումբը անցել է գործի: 

Քանի որ շենքի գմբեթը գտնվում է վթարային վիճակում, եւ մասնակի ապամոնտաժումը վտանգավոր է աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը տեղում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ ավարտվեց նորմալ: «Կրկեսի գմբեթն հանգիստ, առանց վնասի, կողքի պատերը քանդելու, իջավ ներքեւ, կողքի պատերը պետք են նոր կրկես կառուցելու համար»,- նշեց նա: Իսկ թե ինչու ուշացավ ապամոնտաժումը, ապա նա ասաց, որ պարտավոր էին եւս մեկ անգամ ստուգելու կատարված աշխատանքները, ապա` պայթեցման թույլտվություն տալու: Կրկեսի գմբեթը պայթեցվելիս  օգտագործվել է նիտրոգլիցերին նյութը, որը տեղային պայթյուն է անում, ինչի շնորհիվ կողքի շենքերը, ապակիները չեն վնասվում:

Նշենք, որ ԱԻՆ-ը վերջերս է ստեղծել պայթեցնող խմբի ձեւավորմանը: Պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետեւանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով:

Ի դեպ, կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ, 150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը:

Լուսանկարները եւ տեսանյութը` քիչ անց