Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է բանակում հերթական մահվան դեպքի մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Վանաձորում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:

Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անցկացնում էր Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:

Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով եւ նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվեց վերջին պատվո հարգանքը:

Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:

Դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:

Հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին»: