Գյումրիի թիվ 15 դպրոցի ուսուցչական կոլեկտիվի աշխատավարձային պարտքը` 5.3 մլն դրամի չափով, կփակի ՀՀ կառավարությունը: Գումարները, կառավարության որոշմամբ, փոխանցվելու են կառավարության պահուստային ֆոնդից: Խոսքը 60 հոգանոց կոլեկտիվի 2 ամսվա աշխատավարձի մասին է:

Աշխատավարձի պարտքը գոյացել է դատավորներից մեկի բավական տարօրինակ որոշման հետեւանքով: Խնդիրը հետեւյալն է. Գյումրու մեկ այլ դպրոցի` թիվ 37-ի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը 1988 թ. երկրաշարժի ժամանակ հարյուրավոր երեխաներ է փրկել, սակայն վնասել է ոտքը ու դարձել հաշմանդամ: Ուսուցչուհին վիրավորվել է թիվ 36 դպրոցում, որն այնուհետ միացվել է թիվ 15 դպրոցին:

Ս. Մռոյանը վնասի հատուցման հայցով դիմել է դատարանին, իսկ դատավոր Մարտին Սարոյանը որոշել է, որ վնասը պետք է հատուցի թիվ 15 դպրոցը` որպես թիվ 36 դպրոցի իրավահաջորդ: ԴԱՀԿ-ն իր հերթին կալանք է դրել թիվ 15 դպրոցի հաշվի վրա եւ բռնագանձել գումարը, ինչի հետեւանքով էլ ուսուցիչները չէին կարողանում աշխատավարձ ստանալ: