«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Երեք բառով նկարագրեք ձեզ:
Սովորական մարդ եմ:
Որո՞նք են ձեր դրական կողմերը:
Սկզբունքային եմ եւ պահանջկոտ:
Իսկ բացասական կողմե՞րը:
Երբեմն չափից ավելի ներողամիտ եմ:
Ձեր թուլությունը:
Գեղեցիկը գնահատող եմ:
Որպես գեղեցիկը գնահատող մարդ` ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Ինձ թվում է` բարությունը պետք է փրկի աշխարհը:
Ձեր կարգախոսը;
Լինել ազնիվ, շիտակ եւ չշեղվել հիմնական նպատակից:
Ինչի՞ց եք վախենում:
Շողոքորթությունից:
Ի՞նչը կփոխեիք ձեր մեջ:
Եթե ամեն ինչ նորից սկսեի, կվարվեի նույն կերպ, կապրեի նույն կյանքով:
Ու՞մ հանդեպ եք ձեզ մեղավոր զգում:
Մեղավոր եմ զգում ծնողներիս հանդեպ:
Ի՞նչի համար եք զղջում:
Որեւէ խոսքի կամ արած քայլի համար չեմ զղջում, բայց մեղավոր եմ զգում ինձ ծնողներիս առջեւ:
Ե՞րբ եք ստում:
Երբեմն բարի նպատակներով չեմ ասում ամբողջ ճշմարտությունը:
Ի՞նչն է ձեզ զայրացնում:
Անազնվությունը, դավաճանությունը, կեղծիքը, շողոքորթությունը, քծնանքը, պաշտոնամոլությունը:
Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:
Դուք պետք է այդ հարցը չտայիք, որովհետեւ դուք տեսել եք, թե ես ինչքան հեշտությամբ եմ հրաժարվում բարձր պաշտոններից: Ես կարծում եմ, որ մարդն ավելին է, քան այն աթոռը կամ պաշտոնը, որի վրա նա նստած է: Մարդը պետք է բերի այդ պաշտոնին հեղինակություն, ոչ թե աթոռը` մարդուն:
Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:
Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:
Ում հետ, ցանկանում եմ, հանդիպում եմ, ես այդպիսի խնդիր չունեմ:
Ձեր կյանքի ամենամեծ սխալը:
Չեմ կարծում, որ ես երբեւիցե մեծ սխալներ եմ գործել, բացթողումներ, թերություններ ունեցել եմ, բայց սխալներ` ոչ:
Ձեր վատագույն սովորությունը:
Ամենավատ սովորությունը, որ ինձ դրա համար երբեմն հանդիմանում են, կշտամբում են, չափից դուրս պահանջկոտությունն ու բծախնդրությունն է:
Չսիրելի զբաղմունքներ:
Պարտադրված սրա-նրա հարսանիքին, քեֆերին, ուրախություններին ներկա լինելը, այ չեմ սիրում:
Իսկ սիրելի զբաղմունքներ:
Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ նաեւ աշխատել հողի հետ:
Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:
Չէ, երբեմն գուշակներն են ինձ այցելում:
Եւ ի՞նչ ապագա են կանխատեսել ձեզ համար:
Չգիտեմ, լուրջ չեմ վերաբերում գուշակներին:
Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:
Գոյություն ունեցող բոլոր վտանգներն էլ կյանքում ապրել եմ, պետք չէ մանրամասնել:
Մանկական եւ ոչ մանկական չարաճճիություններ:
Դե արի, հիշի, ես մեծ մարդ եմ, մանկական ի՞նչ չարաճճիություններ եմ արել: Միշտ իմ հասակակիցների համեմատ ավելի լուրջ եմ եղել:
Լուսանկարներ:
Այդպիսի հարցերի վրա երբեք չեմ կենտրոնացել: Երբ ինձ լուսանկարում են, ասում եմ` պրոֆիլ հանկարծ չնկարեք, որովհետեւ քիթս մեծ է:
Հիշողություններ:
Աշխատում եմ վատ հիշողություններից ձերբազատվել:
Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
Այդպես չեմ հիշում, թե ովքեր են, համենայն դեպս եղել են մի քանի գեղեցիկ աղջիկներ եւ կանայք:
Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:
Երբեք հույսս չեմ կտրել:
Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել:
Ես երբեք որեւէ մեկին եւ որեւէ բան չեմ դավաճանել:
Իսկ ձեզ դավաճանե՞լ են. Անուններ կասե՞ք:
Պետք է հարցնեք դավաճանողներին: Իհարկե, անուններ չեմ ասի:
Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:
Սիրելի գործ+ լավ ընտանիք:
Ձեր ամենուրախ օրը:
Հուլիսի 12-ը` թոռնիկիս ծննդյան օրը:
Պապիկ եք դարձել, առաջին նվերը թոռնիկին:
Նոր ծնված թոռնիկը ի՞նչ է հասկանում, որ նվեր առնեմ, առայժմ հարսիս եմ նվեր արել, խրախուսել եմ, որ մի տղա թոռնիկ եւս ունենա:
Իսկ ամենատխուր օրը ո՞րն է:
Այդպիսի օրեր շատ եմ ունեցել, չեմ կարող առանձնացնել, առնվազն մի 4-5 այդպիսի օրեր կան:
Ի՞նչ կցանկանայիք նվեր ստանալ:
Իմ ամենասիրելի նվերը եղել է եւ կա զենքը: Ես բազմաթիվ նվերներ` զենքեր եմ ստացել:
Իսկ հաճա՞խ եք կիրառում:
Կենդանի թիրախների վրա չեմ կիրառել, եթե որսորդությունը մի կողմ դնենք:
Ձեր խենթություններից:
Ես խենթ երբեւէ չեմ եղել:
Բայց աշխարհը փոխում են խենթերը չէ՞:
Դե հիմա գիտեք ինչ կա, թող փոխեն, ես էլ կօգնեմ:
Ու՞մ կցանկանայնիք նմանվել;
Ինքս ինձ, կցանկանայի չփոխվել: Չնայած հիմա դժվար փոխվեմ, մեծ մարդ եմ: Երբեւէ իդեալներ չեմ ունեցել, արտաքինից ասել են, որ իմ ավագ քեռուն եմ նման:
Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:
Իմ հայրն ու մայրը:
Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:
Շատ եմ սիրում: Ինձ թվում է մարդը բանական էակ է եւ պետք է տարբերվի կենդանիներից; Ճիշտն ասած` չեմ մտածել, թե ես ինչ կենդանու պետք է նման լինեմ:
Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:
Հայրենիքից հետո ամեն ինչ է:
Ձեր կյանքի սերերը:
Շատ են եղել, հիմա էլ եմ սիրում, այնպես որ նորմալ է;
Ձեր ընտրյալը:
Իմ կինն է: Այնքան լավն է, որ ընտրել եմ:
Գագիկ Ջհանգիրյանը` խոհանոցում:
Շատ լավ խորոված եմ անում, շատ լավ խաշլամա եմ պատրաստում իմ ռեցեպտով, այդպես մի երկու բան, ավել բաներ չեմ անում:
Ի՞նչ հոգսեր ունեք:
Ամենամեծ հոգսս հիմա իմ թոռնիկն է, որ ուշադիր լինեն, որ շուտ մեծանա, առողջ լինի, իմ հոգսերը կենտրոնացված են թոռնիկիս շուրջ:
Որպես պապիկ` ի՞նչ պարտականություններ եք վերցնելու ձեր վրա:
Քանի որ ծնվել է Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը, նրա հետ կապված բոլոր իրավունքներն եւ պարտականություններն իմն են: Ունեմ եւս 4 թոռնիկ, շաբաթ օրերը նվիրում եմ իմ թոռնիկներին, հյուրասիրում եմ, ման եմ տալիս, խաղալիքներ եմ գնում,ամեն ինչ անում եմ:
Իսկ թոռնիկները վատ դրության մեջ չե՞ն դնում ձեզ, օրինակ` չարություն անեն, պապիկին խայտառակեն:
Բա՞ եղավ, պապիկին խայտառակելը գիտե՞ք տենց հեշտ է, պապիկը тоже не подарок:
Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:
Որեւէ մոլախաղ չգիտեմ, նույնիսկ մինչեւ հիմա կարտ խաղալ չգիտեմ, դուrակ էլ չեմ խաղում, շախմատից ու նարդիից բացի ուրիշ խաղ չգիտեմ: Անպարtելի չեմ, բոլոր տեղերում էլ պարտվում եմ;
Իսկ կյանքում պարտություններ ունեցե՞լ եք:
Ես իմ ուղուց չեմ շեղվել, իմ սկզբունքներին, համոզմունքներին, իմ ընկերներին չեմ դավաճանել, մնացածը չգիտեմ: Դեռ կարծում եմ` ոչ մի խաղ ավարտված չէ, որ ես ասեմ պարտվել եմ, կյանքը դեռ առջեւում է:
Կանայք:
Կանանց շատ եմ սիրում:
Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին,թե չլիներ կինն ու գինին:
Ես այդ հարցում մասնագետ չեմ, բայց չեմ կարծում, որ կանայք ու գինին փրկում են մարդուն, ամեն ինչն էլ, որ շատ է լինում, կործանում է, չափի մեջ եմ սիրում:
Ինքներդ ձեզ մի հարց տվեք եւ պատասխանեք:
Ինչպես եմ համբերում, որ Ինգան արդեն կես ժամից ավել է` իմ կյանքը ուտում է: Պատասխանս է` ստիպված դիմանում եմ այդ տանջանքներին, քանի որ գեղեցիկ աղջիկ է:
Նշենք, որ 57-ամյա Գագիկ Ջհանգիրյանը անկուսակցական է, ՀԱԿ խմբակցության անդամ: Նա սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,իսկ ավարտելուց հետո աշխատել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում` որպես գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու է. Աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետեւ` արդարադատության նախարարի առաջին տեղակալ, որպես ՀՀ Զինվորական դատախազ; 2006-ի հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։ Ամուսնացած է , ունի 3 երեխա եւ 5 թոռնիկ:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի