Նախկինում աղջիկ փախցնելուց  դեպքի վայրում խնձոր կամ կոնյակ էին թողնում, որ ծնողները աղջկա բացակայությամբ պարագայում կռահեին, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թեեւ այդ սովորույթը աստիճանաբար դուրս  է մղվել, բայց աղջիկ փախցնելու սովորույթը շարունակում է գոյություն ունենալ: 2012թ. առաջին 6 ամիսներին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի  հատկանիշներով  մարդուն առեւանգելու 14 դեպք է արձանագրվել, որոնցից 11-ը վերաբերել է աղջիկ փախցնելուն:  Իսկ 2011թ-ին արձանագրվել է անձի առեւանգման 34 դեպք, որից 25-ն է վերաբերել է աղջիկ փախցնելուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հարկ է նկատել, որ սույն հոդվածով խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Նշենք նաեւ, որ աղջիկ փախցնելու դեպքերը այսքանով չեն սահմանափակվել, քանի որ շատ հաճախ կողմերը բարիշել են  եւ քրեական գործեր չեն հարուցվել: Բայցեւայնպես,  վերջին տարիներին աղջիկ փախցնելու ավանդույթը աստիճանաբար նվազում է, ինչին նպաստել են, թե մարդկանց ազատ մտածողությունը, թե արարքի քրեորեն պատժելի լինելու հանգամանքը: Աստիճանաբար փոխվել են նաեւ աղջիկ փախցնելու  արարողակարգը: Այդ կապակցությամբ զրուցեցինք ազգագրագետ, գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու հետ` հասկանալու համար, թե տարիների ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել աղջիկ փախցնելու սովորույթը: Լուսիկ Ագուլեցին նշեց, որ նախկինում Վարդավառին, Տրնդեզին եւ այլ ծիսական տոների ժամանակ էին տղաները աղջիկներին տեսնում եւ հավանում: «Երբ ժողովուրդը հավաքվել են, տղան աղջկան տեսել է , իսկ համակրելու դեպքում տղան կարմիր խնձոր է գլորել աղջկա ոտքերի արանքը, այդ կերպ փոխանցելով իր համակրանքը: Եթե աղջիկը եւս համակրել է տղային, ապա ծեսի ժամանակ իր մայրիկի հետ դուրս է եկել պարելու: Եթե ծնողներն էլ իրենց հերթին համաձայն են լինում կարմիր խնձոր կամ գլխաշոր են տալիս աղջկան: Սակայն շատ հաճախ աղջկա եւ նրա ծնողների անհամաձայնության դեպքում  տղաները, թե զգացմունքներից, թե արժանապատվությունից ելնելով, դիմել են փախցնելու տարբերակին»,- պատմեց Լուսիկ Ագուլեցին, ինչպես նաեւ ավելացրեց, որ եթե աղջիկը ընդհանրապես տանից դուրս չի եկել, սակայն տղան ինչ -որ տեղ տեսել եւ հավանել է նրան, տան դռան առջեւ խնձոր են դրել: Եւ կրկին անհամաձայնության դեպքում դիմել են փախցնելու տարբերակին:

Հարկ է նկատել, որ հայկական ծիասակատարությունների ժամանակ 16 խնձորի ծես կա: Եվ այդ ծեսերից մեկի համաձայն էլ աղջկան փախցնելուց հետո  էլ  է տղան փախցնելու վայրում կարմիր խնձոր  թողել ծնողներին հասկացնելու համար, որ իրենց աղջկան փախցրել են: Որոշ ժամանակ անց կարմիր խնձորը փոխարինվել է կոնյակով, սակայն հիմա միայն որոշ գյուղերում են մեսիջ փոխանցելու այդ տարբերակը կիրառում:

Լուսիկ Ագուլեցին ընդգծեց, որ եթե հիմա ծնողները աղջիկներին փախցնելուց հետո ընդունում են, ապա նախկինում չեն ընդունել: Նրա խոսքով, նախկինում հիմնականում աղջկան մի քանի օր պահել են նոր են նրա հետ կենակցել: Ավելին` նույնիսկ չկենակցելու պայմաններում աղջիկները հետ չեն վերադարձել ծնողների մոտ, քանի որ հասարակության մեջ համարվել են տարած հետ բերածներ եւ խայտառակվածներ: Բարեբախտաբար,  վերջին տարիներին այդ մտածելակերպը դուրս է մղվել հայկական ընտանիքներից: Ավելին` հենց աղջկա ծնողների  շահագրգռվածությամբ են  աղջկան փախցնող տղաները ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներով պատժվում 2-5 տարի ազատազրկմամբ: Իսկ աղջիկները հետո բարեբախտաբար կարողանում են իրենց նախընտրելի թեկնածուի հետ իրենց կյանքը դասավորել: Ի դեպ, Լուսիկ Ագուլեցին ավելացրեց, որ  երբ հնում աղջիկ փախցնելու սովորույթը քրեորեն պատժելի չէր, վրեժխնդրություններն էին շատ: «Վրեժ էին լուծում, իրար սպանում կամ ծեծում էին: Լինում էին դեպքեր , երբ  միջնորդների միջոցով բարիշում էին: Բայց մեծ մասը արյունահեղությամբ եւ թրով էր ավարտվում, բարեբախտաբար հիմա քրեորեն է պատժվում»,- ավելացրեց Լուսիկ Ագուլեցին: