«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում այս անգամ զրուցել ենք անկուսակցական պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունից  Գարեգին Նուշիկյանի հետ:

Ձեզ համար կյանքը ե՞րբ է սկսվել:

Ծննդյանս օրը, բայց այն ամբողջությամբ վերարժեւորվել է երեխաներիս եւ թոռնիկներիս ծնունդով. ամեն օր կյանքի նոր սկիզբ է:

Ո՞վ եք Դուք եւ ինչպիսի՞ն եք:

Մարդ` իր դրական եւ բացասական կողմերով: Ձգտում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ` անկախ իրավիճակից, հանգամանքներից եւ պաշտոնից... Չդավաճանել ինքս ինձ եւ իմ սկզբունքներին:

Ձեր ուժը:

Ընտանիքս:

Ձեր թուլությունը:

Ընտանիքս:

Ի՞նչ սկզբունքներ ունեք եւ երբեւէ դրանք խախտե՞լ եք:

Կան հանգամանքներ, գործոններ, որոնք ստիպում են այս կամ այն իրավիճակում եթե չխախտել սկզբունքներդ, ապա  գոնե ժամանակավորապես  վերանայել դրանք: 

Կյանքում երբեք ի՞նչ չեք արել եւ չեք անի:

Չեմ դավաճանի…

Ամենամեծ սուտը, որ ասել եք:

Չեմ ստում, նախընտրում եմ լռությունը. լռությունը երբեմն ամենաճիշտ պատասխանն է:

Կա՞ ինչ-որ բան, որ արել եք եւ Ձեզ չեք ներում դրա համար:

Ոչ, չկա :Պարզապես ափսոսում եմ որոշ բաների համար, որ չեմ հասցրել անել: Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ տրամադրել, օրինակ,  ուսումնասիրելու օտար լեզուներ: Ես սկսել եմ աշխատել շատ վաղ հասակից: Հիմա, երբ ետ եմ նայում, մտածում եմ, որ կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել եւ ուսումնասիրել մի քանի օտար լեզու եւս, քանի որ դա ինձ հեշտ էր տրվում: 

Կյանքից ստացած դասեր:

Կյանքի ամեն օրը յուրովի դաս է: Քանի դեռ կյանքը շարունակվում է, կլինեն դասեր, որոնք պետք է սովորել:

Ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր մեջ:

Կարծում եմ` շատ բան չէի փոխի: Կուզենայի  խնդիրներին, դժվարություններին ավելի թեթեւ վերաբերել:

Երբեւէ եղե՞լ է, որ ինքներդ ձեզնից դժգոհ եք մնացել, օրինակներ կնշե՞ք:

Դրանք բազմաթիվ են...

Ուրախությունը ինչպե՞ս է դրսեւորվում Ձեզ մոտ:

Ուրախ ծիծաղով, բարձր տրամադրությամբ:

Իսկ ինչպե՞ս կարող ենք կռահել, որ դուք տխրել եք: 

Կարծում եմ, չեք կարող:

Ամենամեծ հաջողությունը եւ անհաջողությունը:

Հաջողությունը մեծ ու փոքր չի լինում: Այն կա’մ լինում է, կա’մ չի լինում:

Երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Երջանկությունը, կարծում եմ, ծիածանագույն է, կամ ավելի ճիշտ այն նման է մի խճանկարի, որտեղ առկա են միաժամանակ ուրախությունն ու առողջությունը, մանկան ժպիտը, անամպ եւ կապույտ երկինքը, որտեղ կարող ես տեսնել քո երեխաների, ընտանիքի եւ Հայրենիքի վաղվա պայծառ ապագան:

Ճակատագրական հանդիպում:

Կնոջս հետ հանդիպումը:

Մենախոսությունները ի՞նչ թեմաների շուրջ են:

Նախընտրում եմ երկխոսությունը:

Անհեթեթ իրավիճակ:

Չեմ հիշում, երեւի չեն եղել:

Վտանգներ, ռիսկեր

Կյանքն ինքը արկած է` վտանգներով եւ ռիսկերով:

Հարստությունը, փողը, շքեղ ավտոմեքենաներ, բնակարաններ եւ այլն: Ի՞նչ են դրանք Ձեզ համար: 

Հարստությունը իմ համար գոնե միջոց է իրականացնելու մի շարք նպատակներ`ապահովելու բարեկեցիկ կյանք իմ հարազատներին, օգնելու ընկերներիս կամ պարզապես շարքային մարդուն, որն այդ պահին ունի դրա կարիքը: Հարստությունը դա նաեւ անկախություն է`չխախտելով սակայն ընդունված սահմանները: Հարստությունը նաեւ անհանգստություն է: Իսկ ավելի ամփոփ, հարստությունը այն ժամանակ է իսկական արժեք, երբ ծառայում է բարի եւ ազնիվ նպատակներին, առաջխաղացմանը:

Ձեր կյանքի սերերը: 

Ոսկե կանոն: Սիրիր դիմացինիդ,ինչպես ինքդ քեզ: Սիրում եմ ծնողներիս, կնոջս, երեխաներիս, թոռներիս, հարազատներիս: Կարծում եմ, ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Սիրում եմ իմ երկիրը եւ հավատում նրա վաղվա օրվան. հավատում եմ եւ վստահ եմ մեր ժողովրդի պոտենցիալին:

Ընտանիքը:

Ապրելու, ստեղծագործելու, աշխատելու խթան:

Երեխաները:

Կարծում եմ` այդ մասին ոչ մի նոր բան չեմ ասի: Ամեն ինչ:

Ձեր ընտրյալը:

Կինս:

Ամենառոմանտիկ քայլը:

Դեռ առջեւում է:

Ո՞րն է Ձեր տարերքը:

Իմ հոբբին` ընթերցանությունն է: Ես շատ եմ կարդում եւ կարծում եմ, որ կատարելության հասնելու բանաձեւերից մեկը հենց ընթերցանությունն է:

Ի՞նչն է Ձեզ հոգեհարազատ` բիզնե՞սը, պատգամավորական աշխատա՞նքը, թե՞...

Այն գործը, որը կատարում եմ տվյալ պահին, ինձ համար ամենից հոգեհարազատն է:

Հաջողության հասնելու գաղտնիքն ինչո՞ւմ է:

Ձգտել կատարելության, լինել լավատես: Երբեք չընկճվել եւ հետ չքաշվել: Հաջողությունը համառություն է պահանջում: Եթե չի ստացվում, պետք է հավաքել ողջ ուժերը եւ նորից փորձել: Հաջողության համար անհրաժեշտ է համբերություն, խիզախություն եւ նպատակասլացություն:

Ասում են` կարեւորը փողը չէ, այլ դրա քանակը: Դուք փողի «քչությունից» կամ «շատությունից» նեղվե՞լ եք:

Թեեւ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, սակայն փողի առումով որեւէ մեկը դեռեւս նրա առատությունից չի դժգոհել:

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…

Միգուցե չասված խոսքեր այն մարդկանց, ովքեր մեզ հետ չեն արդեն…..

Նշենք,որ 51-ամյա Գարեգին Գագիկի Նուշիկյանն եւս ԱԺ-ում «նորաբնակներից է»: Նա ավարտել է Երեւանի ժողտնտեսության պետական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հաշվողական կենտրոնում` որպես տեխնիկ, ապա շարունակել է Երեւանի Կ. Ցետկինի անվ. կարի ֆաբրիկայում` որպես բանվոր: Հայաստանի պետական մատակարարման կոմիտեում աշխատել է որպես ճարտարագետ, այնուհետեւ` որպես վարչության պետ:

Եղբոր հետ հիմնադրել է «Նուշիկյան» ասոցիացիան, որը նախագահում էր մինչեւ պատգամավոր դառնալը: Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռնիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի,  Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ ՄինասյանիԱղվան Վարդանյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի