Սեպտեմբերը մաշկաբանների համար ուրախալի եւ հետաքրքիր ամիս  է, մարդիկ վերադառնում են ծովափնյա հանգստից, ոմանք` որոշ հիվանդություններ բուժած, իսկ ոմանք էլ` նոր հիվանդություններ ձեռք բերած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` ծովափնյա հանգստից հետո բժիշկներին հիմնականում  դիմում են տարբեր տեսակի այրվածքներով եւ որոշ երկար ձգձգվող խրոնիկ հիվանդությունների սրացմամբ:

Նման երեւույթներից խուսափելու եւ հանգիստը հետագայում անհանգստություն չդառնալու համար մաշկաբանը խորհուրդ է տալիս արեւայրուքը ճիշտ ընդունել: Նրա փոխանցմամբ` կարելի է արեւհարվել առավոտյան մինչեւ ժամը 11-12.00-ը, ինչպես նաեւ 16.00-17.00-ից հետո, քանի որ հենց այդ ժամանակ է արեւը օգտակար առողջության, մասնավորապես` մաշկի համար: Իսկ կեսօրին խորհուրդ չի տրվում արեւայրուք ընդունել, քանի որ այդ ժամանակ արեւի ճառագայթները ուղիղ ընկնում են մաշկի վրա, ավելի շատ են թափանցում եւ մաշկը շատ են վնասում, ինչը վտանգավոր է:

Արեւայրուք ընդունելուց առաջ պետք է անպայման օգտագործել համապատասխան քսուկներ` հաշվի առնելով, թե որտեղ ես ընդունում արեւայրուքը: «Եթե օրինակ Սեւ ծովի ափին ես արեւայրուք ընդունում, ուրեմն կարելի է օգտագործել արեւապաշտպան քսուկ` SPF 30 ֆակտորով, դա բավարար կլինի, իսկ եթե Սեւանում, ապա այնտեղ SPF 45-50 է պետք, որպեսզի այրվածքներ չառաջանան»,- նշեց նա:

Պաշտպանիչ քսուկը օգտագործելուց հետո արեւայրուքը չպետք է ընդունել միանգամից եւ երկար ժամանակով, այլ աստիճանաբար: «Կարելի է սկսել օրական 10-15 րոպեից եւ շարունակել երկարացնել օրական մի քանի ժամ, այսինքն` արեւայրուքի առաջին օրը չպետք է շատ երկար մնալ»,- ասաց նա:

Մաշկաբանի խոսքով` լավ արեւայրուք ընդունելը պայմանավորված է թե մաշկի տեսակից, թե օգտագործած քսուկներից, թե ճիշտ խնամքից, թե տվյալ վայրի կլիմայից, բայց իհարկե ամեն ինչ ճիշտ անելու դեպքում հնարավոր է լավ արեւայրուք ընդունել, եթե դա թույլ է տալիս մաշկի որակը: Մաշկաբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել նաեւ ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործող սննդի հանդեպ, քանի որ դա եւս կարող է ազդել առողջության, մասնավորապես` մաշկի վրա: Օրինակ` թթու, կծու սննդամթերքը կարող է գրգռել մաշկը եւ բացասական ազդեցություն ունենալ մաշկի վրա` արեւայրուք ընդունելու տեսանկյունից:

Արեւայրուքը, դրական հատկանիշներից բացի, ունի նաեւ բացասական հատկանիշներ: Օրինակ` արեւհարման ժամանակ վիտամին D է արտադրվում մաշկի մեջ, որը նպաստում է մաշկի վերականգնման, որոշ հիվանդությունների հետքաշմանը կամ էլ սրացմանը: Իսկ բացասական հետեւանքները առաջանում են արեւհարումը չարաշահելու դեպքում, որոնք կարող են առաջացնել այրվածքներ, ուռուցքային փոփոխություններ եւ այլն: Եթե ծովափին հանգստանալիս արեւը բացասական ազդեցություն է ունեցել եւ խնդիրներ են առաջացել, ապա Հովհանես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնագործությամբ եւ անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

Ինչ վերաբերում է արհեստական արեւայրուք ընդունելուն` սոլյարիին, ապա մասնագետը նշեց, որ դրան դիմելուց պետք է անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ ամենակարեւորը` ամեն ինչ անել չափի մեջ, որովհետեւ այն ինչքան դրական, այնքան էլ բացասական հետեւանքներ կարող է առաջացնել:

Ի դեպ, NEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր սոլյարիի գներին, առավելություններին եւ թերություններին: