Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Վրաստանում հայ երիտասարդի վրա կատարված մահափորձի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 05.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ուսահոդի հրազենային վնասվածքներով Գյումրիից «շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Նարեկ Լ.-ն:

Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 23.00-ին,Վրաստանի Բաթումի քաղաքի Մայիսի 26-րդ փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց բնակարանում ցանկացել է քնել, բայց շենքի բակում աղմուկի եւ հայհոյանքի ձայներ լսելով՝ բակում աղմկող անձին պատշգամբից զգուշացրել է, որ չանհանգստացնի, սակայն վերջինս հայհոյել է ու պատյանից հանելով զենքը՝ կրակել իր ուղղությամբ եւ ուսահոդի մասում պատճառել է հրազենային վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ Վրաստանի Բաթումիի ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն: