Տեղեկություն ստանալով ստորգետնյա ցնցումների ավարտման մասին` մարդիկ կարող են հանգստանալ եւ վերադառնալ նորմալ կյանքի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երեւանում ցնցումներ են եղել 3-4 բալ, Հայաստանի հարավում` 4-5 բալ, ինչը հարուցել է բնակիչների լուրջ տագնապը:

«Այժմ մարդկանց վտանգ չի սպառնում, պաշտոնական հաղորդագրոթյունն արվել է: Ապագայի համար քաղաքացիներին կոչ եմ անում հետեւել ստորգետնյա ցնցումների ժամանակ վարքի կանոնները»,- ասել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ երկրաշարժի ժամանակ ցածր հարկերի բնակիչները պետք է հնարավորինս արագ դուրս գան բաց տարածություն: Վերին հարկերում ընտանիքի յուրաքանչյուր անդամը պետք է նախապես իմանա իր տեղը երկրաշարժի ժամանակ եւ կանգնի անվտանգ վայրերից մեկում` դռների արանքում, կրող պատերի անկյուններում:

Պետք է պատրաստ պահել պայուսակ` մեկ օրվա հաշվով անհրաժեշտ իրերով: Երկրաշարժից հետո` տանից դուրս գալուց առաջ պետք է անջատել գազն ու էլեկտրականությունը, փակել ջուրը: