Արսեն Ջուլֆալակյանը  բժիշկների հետ 10 անգամ պարզաբանում է, մինչեւ որեւէ դեղամիջոց է օգտագործում: Այսպես պետք է իրեն պահի ցանկացած կարգապահ մարզիկ: Այդ մասին այսօր` օգոստոսի 18-ին լրագրողներին հայտնել է սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի` հակադոպինգային ծառայության  ղեկավար  Արեգ Հովհաննիսյանը:

«Հայ իրականության մեջ գրանցվել են խթանիչ միջոցներ կիրառելու համար պատիժներ: Ճիշտ է նման դեպքերը շատ չեն եղել` 20 տարիների ընթացքում 10 դեպք, որոնցից 8-ը` ծանրամարտիկներ, մեկը ֆուտբոլիստ եւ եւս մեկը` թեթեւ ատլետ է եղել: Դեպքեր են եղել, երբ մարզիկը խթանիչ դեղամիջոց է օգտագործել` ինքն էլ չիմանալով այդ մասին: Բայց մեղավոր է միշտ մարզիկը: Եթե բժիշկն անծանոթ դեղ է նշանակում, պետք զանգել նրան եւ հարցնել դեղի կազմության մասին: Մի անգամ Ջուլֆալակյանը մեզ թվարկել է դեղամիջոցի կազմության 12 բաղադրիչ, մինչեւ մենք նրան թույլ ենք տվել  դեղը  օգտագործել»,-նշել է Ա. Հովհաննիսյանը:

«Եթե խթանիչ հայտնաբերում էին  մեկ մարզիկի մոտ, ապա ստուգում էին ողջ կազմի մարզիկներին: Բայց հայկական հավաքականի մոտ խախտումներ չի հայտնաբերվել: Մենք ինքներս երեք անգամ ստուգել ենք մեր ծանրամարտիկներին եւ բոլոր դեպքերում անալիզները մաքուր են եղել»,-  նշել է նա:

Իր հերթին կենտրոնի տնօրեն Նաիրի Մանուկյանը նշել է, որ խթանիչների չեն դիմում անգամ խրոնիկ վնասվածքներ ունեցողները: «Ես շատ լավ ծանոթ եմ  Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ ուրիշների վիճակին: Լուրերն այն մասին, որ Մարտիրոսյանը օլիմպիական խաղերին չի մասնակցել հենց խթանիչների պատճառով, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել է Ն. Մանուկյանը: