Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մարտի 8- ին Միլանի հիվանդանոց է տեղափոխվել աչքի լորձաթաղանթի բորբոքումով կամ կոնյունկտիվիտով։

Այսօր Միլանում պետք է տեղի ունենար քրեական գործով հերթական նիստը, որի շրջանակում Բերլուսկոնիին մեղադրում են անչափահասների պոռնկությանը մասնակից լինելու մեջ։  Հիվանդանոց տեղափոխվելը նախկին վարչապետին կխանգարի մասնակցել լսումներին, եւ, հավանաբար, դատարանի նիստը ստիպված կլինեն հետաձգել։ Սակայն դատախազը դեմ է հանդես եկել դրան, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» -ն՝ վկայակոչելով TMNews գործակալությանը։

Հիշեցնենք, որ Միլանի դատարանը քննում է Ռուբի անունով պարուհու հետ կապված գործը։ Իսկ նախօրեին մեղադրական դատավճռով է ավարտվել Իտալիայի եւս մեկ քրեական գործընթաց,  որտեղ նախկին վարչապետը մեկ տարվա  ազատազրկում է ստացել գաղտնի տեղեկության տարածման համար։

Վերջին 20 տարվա ընթացքում Սիլվիոյի նկատմամբ հարուցել են մոտավորապես 2 տասնյակ գործեր, միջինում՝ տարեկան մեկ գործ։ Սակայն դրանք բոլորն էլ,  այդ թվում  նաեւ մաֆիայի հետ կապերի մեղադրանքը, կամ ավարտվել են արդարացմամբ,  կամ էլ չեն ապացուցվել։