Այս պահին Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել:

Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:

Նշենք, որ զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները: Ըստ ականատեսի՝ դեպքի վայրում մի քանի հարյուր մարդ է գտնվում, խցանում է առաջացել եւ ոստիկանները մի մասին արգելում են գալ Երեւան:

Նշենք, որ նրանց հետ հանդիպելու է գնացել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, սակայն վերջինիս չի հաջողվել հարազատներին հետ պահել բողոքի մտքից:

NEWS.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանից նրանց հետ հանդիպման են գնում նորանոր ՃՈ եւ զինվորական մեքենաներ, որպեսզի կանխեն սպանված զինվորի հարազատների մուտքը Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հողարկավորությունը պետք է այսօր լինի, սակայն ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: