Կառավարությունն, ինչպես հայտնի է, ձեռնամուխ է եղել աշխատավարձերի աճը խթանելու քաղաքականության: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է, որ կառավարությունը ծրագրային պարտավորություն է ստանձնում ապահովել աշխատավարձերի համակարգված աճ: Մինչ այսօր Հայաստանում աշխատավարձերի աճը միշտ էլ «վազել է» գնաճի հետեւից, ու միշտ չէ, որ կարողացել է հասնել դրան: Այդպես էր, օրինակ, 2010-11 թ.թ. ճգնաժամային տարիներին, երբ միջին աշխատավարձերի աճը որոշակիորեն հետ էր մնում գնաճի տեմպից (իրական աշխատավարձը նվազում է): Այս համամասնությունը հօգուտ աշխատավարձի աճի փոխվեց միայն 2012 թ., սակայն էական բեկում, այս առումով, չկա: Իսկ երբ աշխատավարձի աճը հետ է մնում գնաճից` նշանակում է մարդկանց կենսամակարդակն անկում է ապրում: 1994 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում 2010 եւ 2011 թ. պաշտոնապես գրանցվել է իրական աշխատավարձի անկում (2-3%-ի շրջանակներում): Նշենք սակայն, որ 1991-94 թ.թ. իրական աշխատավարձի անկումը տեղի էր ունենում տարեկան 40-60%-ի սահմաններում: Իրական աշխատավարձի ամենաբարձր աճ արձանագրվել է 1995 թ.` 46.3%, որից հետո աճի տեմպը սկսել է կտրուկ նվազել, սակայն երկար տարիներ դեռ արտահայտվում էր երկնիշ թվով: Նախաճգնաժամային 2008 թ. իրական աշխատավարձի աճի տեմպն արդեն միանիշ էր` ընդամենը 8%:

Հարկ է նշել, որ համաշխարհային ճգնաժամը աշխատավարձերի վրա ազդել է ողջ աշխարհում: Ըստ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի` 2008 եւ 2009 թ.թ. ողջ աշխարհում էլ տեղի է ունեցել աշխատավարձի աճի տեմպի համարյա կրկնակի անկում: Ավելին` նշվել է, որ մինչ ճգնաժամն էլ արդեն իսկ նկատվում էր աշխատավարձի աճի տեմպի նվազում, ու դա ինչ-որ չափով նպաստել է ճգնաժամի առաջացմանը` պահանջարկի անկման պատճառով: Մեկ այլ խնդիր էլ առաջացնում է աշխատավարձերի անհավասար բաշխումը` ցածր աշխատավարձ ստացողների թվի աճն առաջացնում է սոցիալական լարվածություն ու պահանջարկի անկում նույնիսկ այն դեպքերում, երբ բարձր աշխատավարձ ստացողների հաշվին միջին աշխատավարձի աճ է գրանցվում: Այդ պատճառով էլ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում հետեւյալի վրա` աշխատանքի արտադրողականության աճին նպաստում են կոլեկտիվ պայմանագրերն ու ցածր աշխատավարձ ստացողների թվի նվազումը (այսինքն` այս 2 ուղղությունները պետք է միասնաբար գործեն): Կոլեկտիվ պայմանագրերը, մասնավորապես, նպաստում են տվյալ կազմակերպության ներսում աշխատավարձերի անարդարացի համամասնությունների վերացմանը: Հայաստանում կոլեկտիվ պայմանագրերի մշակույթ ձեւավորված չէ, ու առաջիկայում հազիվ թե ձեւավորվի: Հավանաբար այդ պատճառով` կառավարությունը շեշտը դրել է նվազագույն աշխատավարձի բարձրացման քաղաքականության վրա:

Ի՞նչ է տալու նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Բոլոր այն դիտարկումները, թե այն ռիսկեր է պարունակում, բավականաչափ հիմնավորված չեն: Բավականաչափ հիմնավորված չեն նաեւ չափից ավելի լավատեսական գնահատականները: Խնդիրն այն է, որ մենք ունենք աշխատավարձային մեծ ստվեր, ու նվազագույն աշխատավարձի բարձրացումը պարզապես ստիպելու է ստվերային աշխատավարձերի մի մասը օրինական ձեւակերպել: Իսկ դա առաջացնում է հարկային լրացուցիչ պարտավորություն, ու գործարարների դժգոհությունները հենց այդտեղից են գալիս: Այսինքն` փաստացի մարդու աշխատավարձը կարող է եւ չբարձրանալ, ընդամենը ձեւակերպումների փոփոխություն կլինի:

Սխալ են նաեւ այն ենթադրությունները, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսական համակարգում անմիջապես համատարած միջին աշխատավարձերի աճ կառաջացնի: Ընդհակառակը` գազի, էլեկտրաէներգիայի ու տրանսպորտի թանկացումը ամենուրեք ինքնարժեքի թանկացման կբերի, իսկ դա նշանակում է, որ գործարարների մոտ ռեսուրսներ չեն լինի աշխատավարձ բարձրացնելու համար: Միայն պետական հատվածում, թերեւս, տեղի կունենա աշխատավարձերի որոշ աճ, սակայն այստեղ էլ հարկավոր է նշել, որ քաղծառայողների բազային դրույքի մեծությունը 45 հազ. դրամ է, ու դեռ հայտնի չէ` երբ է կառավարությունը պատրաստվում վերանայել այդ դրույքը:

Այնուամենայնիվ` նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը իր հետեւից վաղ թե ուշ տանում է աշխատավարձերի համակարգային աճի: Հայաստանում «նվազագույն աշխատավարձ» հասկացությունը ներդրվել է 1991 թ., ու այն ժամանակ կազմում էր ընդամենը 75 խորհրդային ռուբլի: 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվեց 110 դրամ, ու երկար տարիներ այն փոխկապված չէր տնտեսական համակարգի աշխատավարձերի հետ` ծառայելով զուտ որպես հաշվարկային մեծություն: Միայն 2004 թ. այս առումով կատարվեց լուրջ քայլ` նվազագույն աշխատավարձը 5000 դրամից բարձրացվեց միանգամից մինչեւ 13 հազ. դրամ, հետեւաբար` նվազագույն աշխատավարձը արդեն ձեւական ու զուտ հաշվարկային բնույթ չէր կրում: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվեց նվազագույն աշխատավարձի ու միջին աշխատավարձի որոշակի կայուն համամասնություն` 1/3.3: Դատելով այս համամասնությունից` միջին աշխատավարձը Հայաստանում, 45 հազ. դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում, կարող է բարձրանալ մինչեւ 150 հազ. դրամ: Սակայն պարտադիր չէ, որ դա տեղի ունենա անմիջապես:

Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը աշխատավարձային ճյուղային անհամամասնությունների վերացումն է: Բանկային համակարգում միջին աշխատավարձը բարձր է 500 հազ. դրամից, իսկ առեւտրի եւ մշակույթի  ոլորտներում այն 60 հազ. դրամի սահմաններում է: Եկամուտների նման անհավասարաչափ բաշխումը թույլ չի տալիս մակրոտնտեսական պահանջարկը հավասարաչափ բաշխել: Պատահական չէ, որ որոշ երկրներում օրենսդրական սահմանափակումներ կիրառվեցին ֆինանսական կառույցներում բոնուսները վերացնելու կամ կարգավորելու համար: Հարկավոր է, որ աշխատավարձերը բարձրանան իրական հատվածում, ոչ թե ֆինանսական, միայն այդ դեպքում կառավարությունը կարող է դրական հետեւանքներ ակնկալել աշխատավարձը բարձրացնելու իր քաղաքականությունից:

Սամվել Ավագյան