Վրաստանում վթարի ենթարկված երեք հայ քաղաքացիներն արդեն հասել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ Արամ Չախոյանն եւ Էդվարդ Սարգսյանը այժմ գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ Աննա Պողոսյանը` «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

NEWS.am-ի թղթակցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, նրանց քիչ առաջ են բերել «Շտապօգնության» մեքենայով, երկուսի վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության: Հիվանդանոցից հայտնեցին, որ հայտնի հաղորդավար Արամ Չախոյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, վնասվել է դեմքը, իսկ Էդուարդ Սարգսյանի մոտ` աջ ազդրի կոտրվածք, գանգուղեղային կոտրվածք, նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածք: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ այժմ նրանց հետազոտում են, որից հետո կորոշեն անելիքները:

Իսկ «Մալաթիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վնասված է Աննա Պողոսյանի ոտքը: Նրան եւս այժմ հետազոտում են, աղջկա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել էր սահման, դիմավորել նրանց եւ բերել Երեւան