Վերջերս Հայաստանում լույս է տեսել պատմաբան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանի «Հայաստանի քաղաքակրթական նշանակության բրիտանացի առաջադեմ գործիչների գնահատականն ընդդեմ «Հնագույն Թուրքիա» կեղծիքի ցուցադրությանը Բրիտանական թանգարանում» անգլալեզու գիրքը:

Այն լույս է տեսել ի պատասխան Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» անվան տակ բացված թիվ 54 սրահի ցուցադրության:

Նման անվանմամբ սրահի անճշտության վերաբերյալ թանգարանի տնօրինությանը շարունակ նշել են մի շարք պատմաբաններ, այդ թվում նաեւ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը: Հետագայում՝ ինչ-ինչ պատճառներով, սրահի անվանումը փոխվել է «Անատոլիա, Ուրարտու»-ի, որը նույնպես անհնար է համարել ճշգրիտ:

NEWS.am-ի հետ զրույցում գիտնականը նման անվանումով ցուցասրահի բացումը գնահատել է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն՝ մշակութային տեսակետից, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման շարունակություն:

«Բրիտանական թանգարանի տնօրինությունը մարդու իրավունքների միջազգային օրենքի տեսանկյունից խախտում է Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի մշակութային ժառանգության իրավունքները՝ թե՛ ցեղասպանության ենթարկված Արեւմտյան Հայաստանի, թե' անկախ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը «54 ցուցասրահում» ներկայացնելով «Հնագույն Թուրքիա» կեղծ անվանումով, ինչը Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման քաղաքականության շարունակությունն է»,- նշել է Էդուարդ Դանիելյանը:

Իր գրքում պրոֆեսորն անդրադառնում է այն փաստին, որ ցուցասրահի գտածոները պատկանում են Նեոլիթի, Էնեոլիթի, բրոնզի եւ երկաթի դարերի ժամանակաշրջաններին, երբ աշխարհի քարտեզի վրա անգամ  «Թուրքիա» անվամբ պետություն գոյություն չի ունեցել:

Նա նշում  է, որ համաշխարհային պատմության բազում փաստերի համաձայն, թուրքերի նախնիներ սելջուկների քոչվոր ցեղերն Արեւմտյան Ասիայում են հայտնվել միայն 11-րդ դարի երկրորդ կեսից, ուստի միանգամայն անհեթեթ է «Հին Թուրքիայի» գոյության փաստը:

Պատմաբանը նաեւ մատնանշում է ցուցասրահի նմուշների հետ կապված կեղծիքների առկայությունը, օրինակ՝ օբսիդիանի մասին այն կեղծ տեղեկությունը, որ իբրեւ «Հին Թուրքիան» էր արտահանում այն հարեւան երկրներ:

«Կենտրոնական եւ արեւլյան լեռներ» աշխարհագրական բնութագրերից եւ ժամանակակից Հաջիլար (Բուրդուր նահանգում) անվանումից հետեւում է, որ խոսքը մի կողմից Փոքր Ասիայի կամ Անատոլիայի հնագիտական նյութերի, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածի մասին է: Հակառակ օբսիդիանի մասին տեղեկության կապակցությամբ կիրառված այդպիսի կեղծ տերմինաբանության, համարյա կես դար առաջ բրիտանական եւ ամերիկյան հանգետները նշել են, որ օբսիդիանը նեոլիթյան դարաշրջանում Հին Հայաստանից արտահանվում էր Միջագետք եւ Մերձավոր Արեւելք», - գրում է պրոֆեսորը:

Նա անհասկանալի է համարում այն փաստը, որ Բրիտանական թանգարանի տնօրինությունը հարկ չի համարել ծանոթանալ Հայաստանի մասին եղած հին հունական, ասոււրական, հունա-հռոմեական եւ այլ, ու նույնիսկ հենց բրիտանական աղբյուրներում եղած տեղեկությունների հետ:

Այս փաստն ապացուցելու նպատակով պատմաբանը նաեւ բազում օրինակներ է բերում հենց բրիտանացի գիտնականների աշխատություններից, այդ թվում՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, հնեաբան Դեւիդ Մարշալ Լանգի «Հայաստանը՝ քաղաքակրթության օրրան» գրքից, որտեղ բրիտանացի գիտնականը Հայաստանն անվանում է քաղաքակրթության օրրան եւ դասում է այն նույն շարքում, որում գտնվում են հնագույն Եգիպտոսը, Շումերն ու Բաբելոնը:

Բացի Լանգից, նա նշում է բրիտանացի մի շարք այլ գիտնակաների եւ մտավորականների, այդ թվում՝ Ջորջ Բայրոնին, Արչիբալդ Սեյսին, Հենրի Լինչին, Ջեյմս Բրայսին, Առնոլդ Թոյնբիին, ովքեր չափազանց բարձր են գնահատել հայկական քաղաքակրթական արժեքները համաշխարհային մշակույթի գանձարանում:

Գրքում Էդուարդ Դանիելյանը ներկայացրել է նաեւ հին եւ միջին դարերի Հայաստանի քարտեզը, որի տարածքը ընդգրկում է Մեծ եւ Փոքր Հայքը, ինչպես նաեւ Կիլիկյան Հայաստանը:

Պրոֆեսորը նշում է նաեւ այն փաստը, որ Մեծ Բրիտանիան, որը 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ Թուրքիայի իրագործած Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջին պետություններից է, ոչ միայն զոհաբերել է Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստն ի օգուտ անգլո-թուրքական քաղաքական շահերի, այլեւ աջակցում է պատմության թուրքական կեղծարարությանը:

Ինչ վերաբերվում է սրահն «Անատոլիա, Ուրարտու» վերանվանելուն, պրոֆեսորը շեշտում է, որ «Անատոլիա» աշխարհագրական անվանումը վերաբերվում է միայն Փոքր Ասիային, եւ այդ տերմինի կիրառումը Հայկական լեռնաշխարհի կապակցությամբ բացարձակ կեղծիք է:

Նշելով պատմական բոլոր փաստարկները՝ պատմաբանը պնդում է, որ սրահը պետք է կրի ոչ թե «Անատոլիա, Ուրարտու», այլ «Հին Հայաստան» եւ «Հին Փոքր Ասիա» անվանումները, ինչն ամբողջությամբ համապատասխանում է տվյալ ժամանակաշրջանի պատմա-աշխարհագրական իրականությանը: