ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի գործերով դիմել է Հատուկ քննչական ծառայություն:

ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:

Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի եւ մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը բերման ենթարկվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:

«Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ կարմիրբերետավորները ծեծի են ենթարկել մեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ բերման ենթարկվածներից երկու անձ դիմել է բժշկական կենտրոն, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել, դեպքն արձանագրված է: