Գլենդեյլի երեք բնակիչներ, ովքեր ձերբակալվել էին անցած շաբաթ ապահովագրական մեքենայությունների կասկածանքով, դատարանի վճռով մնալու են անազատության մեջ, քանի որ ԱՄՆ տնտեսության համար վտանգ են ներկայացնում:

Շրջանային դատավոր Ֆերնանդո Օլգինը մերժել է 36-ամյա Վարդան Բոյաջյանի, 46-ամյա Արմեն Ղազարյանի («Պզո») եւ 54-ամյա Հրայր Բաղումյանի գրավի միջնոդությունները: Երեքն էլ ուղարկվելու են Նյու Յորք, որտեղ շարունակվելու է քննությունը:

Նյու Յորքի Հարավային շրջանի իրավաբան Ջենիֆեր Բերնսը նշել է, որ Բոյաջյանը սպառնալիք է հասարակության համար: Նրա խոսքով, Բոյաջյանը ներգրավված է եղել բառացիորեն հանցավոր շղթայի բոլոր ասպեկտներում: Ըստ Բերնսի՝ Բոյաջյանը մեղսակից է բանկային հաշիվների եւ թալանի մեջ: Մասնավորապես, նրա տան խուզարկությունից 29 հազար դոլարի բանկային չեկեր են հայտնաբերվել եւ 20 հազար դոլար կանխիկ գումար: Նշենք, որ Բոյաջյանն ԱՄՆ-ում բնակվում է արդեն 19 տարի:

Ղազարյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ իր պաշտպանյալի մոտ գաստրոէնթերոլոգ թողնեն, քանի որ նա գաստրիտ եւ ուժեղ գլխացավեր ունի:

Մեկ այլ մեղադրյալի՝ Արթուր Եպիսկոպոսյանի ընկերներն ու բարեկամները պատրաստակամություն են հայտնել գրավի տակ դնել իրենց տներն ու ունեցվածքը նրա ազատման համար: Սակայն դատարանում նրանց ասել են, որ ի վիճակի չեն լինի ծածկել պետության առջեւ նրա պարտքերը, եթե անգամ աշխատեն ամբողջ կյանքում:

Եպիսկոպոսյանի փաստաբան Ալեքս Քեսսելը հայտարարել է, թե իր պաշտպանյալը հատուկ վտանգ չի ներկայացնում, քանի որ սերտ կապեր ունի հայ համանքի հետ, ունի ամերիկուհի կին եւ մեկուկես տարեկան երեխա: Ջենիֆեր Բերնսը, սակայն, նկատել է, որ Եպիսկոպոսյանը մաֆիայի պարագլուխներից է: Եպիսկոպոսյանի համար որպես գրավ նշանակվել է 1,6 մլն դոլար: Ընդ որում, Եպիսկոպոսյանը տնային կալանքի պայմաններում պետք է հատուկ թեւնոց կրի:

Հրայր Բաղումյանը 2 մլն դոլար պարտք ունի, որոնք առաջացել են ազարտային խաղերից:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ամերիկյան իրավապահները ձերբակալել էին հայկական հանցավոր խմբավորման մի քանի տասնյակ ներկայացուցիչների, ովքեր բժշկական ապահովագրության «Medicare» համակարգից մոտ 163 մլն դոլար էին յուրացրել՝ տարբեր մեքենայությունների միջոցով: Հանցախմբի ղեկավարը «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է, ում ձերբակալել էին Լոս-Անջելեսում: Ձերբակալված 73 անձանցից մոտ 40-ը հայեր էին, այդ թվում խմբի պարագլուխներ համարվող Ռոբերտ Թերջանյանը, Դավիթ Միրզոյանը եւ այլք:

Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան հանցավոր խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը: