Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը եւ իր կինն ունկնդրել են Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբին եւ նրանց հետ միասին երգ կատարել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Մանիսայի Anemon հյուրանոցում կազմակերպված միջոցառման ընթացքում մոտ 1,5 ժամ հնչել են հայկական ժողովրդական երգեր, նաեւ թուրքերենով, արաբերենով եւ եբրայերենով կատարումներ։  

Թուրք փոխվարչապետը երգչախմբի հետ միասին «Իմ Թուրքիա» երգը կատարելուց հետո ելույթ է ունեցել՝ նշելով, որ իր պարտականությունների մեջ է մտնում նաեւ Թուրքիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերը։ «Մենք այս հողերում միասին ենք ապրել։ Օսմանյան ժամանակաշրջանը դրա ապացույցն է։ Թուրքիայում 160-ից ավելի համայնքային հիմնադրամներ կան, որոնք բավականին շատ անշարժ գույք ունեն։ 1974-ին դրանք բռնագրավվել են։ Օրեր առաջ նոր օրենք դուրս եկավ։ Մեր բռնագրաված անշարժ գույքը հետ ենք վերադարձնում։ Սա մեր հպարտությունն է»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը։ 

Նշենք, որ 2007-ին Անթաքիայում ստեղծված հիշյալ երգչախումբն ունի մոտ 120 անդամ: Խմբի արտասահմանյան ուղեւորություններին մշտապես աջակցում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երգչախմբի համար տրամադրելով հատուկ օդանավեր:

NEWS.am-ը ներկայացնում է Անթաքիայի քաղաքակրթությունների երգխախմբի համերգի փորձերից մեկը, որին ամիսներ առաջ ներկա է եղել նաեւ Անթաքիայում գտնված NEWS.am-ի թղթակիցը։