Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ով երկու օրով ժամանել է Հայաստան, արդեն հասցրել է աչքի ընկնել իր նուրբ հումորով, անկաշկանդ բնավորությամբ, իսկ մի դեպքում էլ նույնիսկ լավ վախեցրել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի անձնակազմին:

iWoz մականունով հայտնի գյուտարարն ու միլիարդատերը երեկ բավական երկար ժամանակ ինքնագլորիչ է քշել Երեւանի Հանրապետության հրապարակում` զարմացնելով անցորդներին, որոնք նախ ապշում, ապա ձեռքով ողջունում էին մեծանուն հյուրին:

Վոզնյակը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատմել է, թե կատակել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի անձնակազմի հետ եւ մի լավ վախեցրել նրանց: «Ես հատուկ սարք եմ մշակել եւ տեղադրել ճամպրուկների մեջ: Դա պարզ եւ հարմար մի սարք է, որ ծվծվում է, երբ սեղմում եմ կոճակը: Այդպես ես գտնում եմ իմ ճամպրուկները: Երեկ երեկոյան ես որոշեցի կատակել եւ միացրի այն հյուրանոցում: Հավանաբար բոլորին թվաց, թե իմ մոտ ռումբ կա»,- պատմել է Սթիվ Վոզնյակը:

Իսկ արդեն այսօր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսանողների եւ գիտնականների հետ հանդիպմանը Վոզնյակը խոստացել է կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ «այցից հետո նա ընդմիշտ մասամբ հայ կմնա»:

Նշենք, որ Սթիվ Վոզնյակը եւ նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը ժամանել են Հայաստան նոյեմբերի 10-ին: Վոզնյակը Երեւանում ստանալու է Հայաստանի նախագահի սահմանած «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը: