Իրաքում հայ համայնքի շատ ներկայացուցիչներ իրաքյան պատերազմի ժամանակ լքեցին այդ երկիրը, մեկնելով ԱՄՆ, եվրոպական երկրներ ու Հայաստան, որի հետեւանքով, Իրաքում ընդհանուր առմամբ, մնացել է շուրջ 10 հազար հայ: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Facebook սոցիալական ցանցում իրաքահայերի խմբի ադմինիստրատոր Արա Աշչյանը, հավելելով, որ նրանց մոտ կեսն ապրում է Բաղդադում:

«Մերձավոր Արեւելքում զարգացումները կարող են հանգեցնել հայերի հետագա արտագաղթին դեպի Հայաստան: Հարց է ծագում. Իսկ կարո՞ղ է այս երկիրն ընդունել իր հայրենակիցներին»,-նշել է նա: Աշչյանի խոսքով, նախքան իրաքյան պատերազմը Բաղդադում հայերի թիվը գրեթե այնքան էր, որքան այսօր Իրաքի ողջ տարածքում հայերի թիվն է:

«Իրավիճակը ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ այնտեղ պարբերաբար ահաբեկչություններ են տեղի ունենում, որոնք կարող են ուղղվել քրիստոնյաների, մասնավորապես, հայերի դեմ»,-կարծիք է հայտնել Աշչյանը:

Գնահատելով Իրաքում հայ համայնքի ներկա դրությունը, նա նշել է, որ հայերը գտնվում են քիչ թե շատ կայուն վիճակում:

«Հայերենի ուսուցումը պաշտպանված է սահմանադրությամբ, բայց երիտասարդ հայերի շրջանում հայերենի իմացության աստիճանն իջնում է: Իրաքահայերն ունեն տարբեր մշակութային, բարեգործական եւ կրթականկազմակերպություններ: Բաղդադում կա 4 հայկական եկեղեցի»,-ասել է նա: