Հայաստանում սաունաներն կամ շոգեբաղնիքներն առավելապես տարածված են մայրաքաղաք Երեւանում, չնայած մարզերում եւս երբեմն-երբեմն կարելի է հանդիպել դրանց: Երեւանում կան ինչպես առանձին, այնպես էլ հյուրանոցային, ռեստորանային համալիրների, մոթելների ներսում գործող շոգեբաղնիքներ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են երեւանյան շոգեբաղնիքների հաճախորդները, ինչ նպատակով են գնում, ինչ ծառայություններից են օգտվում, ինչքան են վճարում եւ ինչպես է ընկալվում շոգեբաղնիք գնալը տղամարդկանց  եւ կանանց շրջանում:

Ովքե՞ր են սաունաների հաճախորդներն եւ ինչքա՞ն են վճարում

Երեւանյան սաունաներում մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից, չնայած կարելի է ավելի էժան տարբերակներ էլ գտնել:  Ընդհանուր առմամբ, աշխատակիցները փաստում են, որ այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերներով, կոլեկտիվով, ընտանիքով եւ այլն:  Մեր զանգահարած բոլոր սաունաներում հավաստեցին, որ իրենց մոտ չկա այցելուներին «գեղեցիկ աղջիկներ մատուցելու» ծառայություն: Ինչ վերաբերում է սաունաների նկատմամբ ոմանց բացասական վերաբերմունքին, մասնավորապես` դրանք «սիրուհիների, սիրեկանների հետ այցելելու վայր» ընկալմանը, ապա սաունաների աշխատակիցները պնդում են. «Ո՞ր թվերին էր, որ տենց բաներ էին մտածում, հիմա ո՞վ է տենց բաներ մտածում»:

Այսպես, «Ամիրա պալաս» մոթելի ադմինինիստրացիայի աշխատակից Ռոմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց մոտ սաունաների երկու տեսակ կա` թաց եւ չոր, եւ բացատրեց, որ «թաց» են համարում այն սաունան, որը գոլորշիով է տաքացվում, իսկ «չոր», երբ ջուրը լցնում են տաք քարի վրա եւ գոլորշի է բարձրանում: Դրանից բացի` նրանց մոտ կա հունական, հնդկական, եգիպտական, հայկական սրահներ: Նրա խոսքով` հիմնականում հաճախորդները գալիս են ամեն օր կեսօրից հետո, իսկ ամենից շատ քաղաքացիներն այցելում են հանգստյան օրերին: Ըստ որում` հիմնականում այցելուները 20-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերուհիներով, ընկերներով, ընտանիքներով, կոլեկտիվներով եւ այլն: Նրա խոսքով` իրենք ունեն անվտանգության ծառայություն, եւ երբեւէ այցելուների շրջանում կռիվ, ծեծուջարդ չի լինում,  հաճախորդները սաունա այցելելիս «աղջիկներ» չեն պահանջում, իրենք նման ծառայություններ չունեն եւ չեն մատուցում: «Ամիրա պալասում» սաունայից օգտվելու համար մեկ ժամը սկսվում է 15 հազար դրամից, բայց հիմնականում մեկ ժամը բավարար չի լինում:

Իսկ «Վալեմ»  հյուրանոցային եւ ռեստորանային համալիրից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ կա սաունաների հռոմեական, ռուսական, արեւելյան տեսակները: Նրանց մոտ սաունայից օգտվելու մեկ ժամը սկսվում է 10 հազար դրամից, իսկ VIP-սրահում` 15 հազար դրամից: Մեկ այլ` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արտակը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա ֆիննական եւ ռուսական սաունաներ, ըստ որում` առաջինը վառարանով է, իսկ երկրորդը` գազով եւ գերաններով: Նրա փոխանցմամբ` իրենց  այցելուները ամենատարբեր մարդիկ են, չափահասներ, ովքեր գալիս են ընտանիքներով, կոլեկտիվներով եւ ծնունդ, Նոր տարի ու այլ առիթներ  են նշում: Այստեղ մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից  եւ հասնում մինչեւ 30 հազար դրամ:

Նրա փոխանցմամբ` այցելուների շրջանում լինում են անձինք, ովքեր գալիս եւ ուզում են «գեղեցիկ աղջիկների ծառայություններից օգտվել», սակայն «այդպիսի հիմարները ստանում են իրենց պատասխանը»: «Օֆուռո» ճապոնական բաղնիքի աշխատակից Լիլին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հիմնականում ամենաշատ հաճախորդների լինում են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` երեկոյան ժամերին: Այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են: «Չես հասկանում սիրուհու հետ է գալիս, թե կնոջ, նենց են վերաբերում,  քեզ թվում է, թե ընտանիքի անդամի հետ է գալիս: Հիմնականում մեզ մոտ գալիս են 50-ից բարձր լավ «ձյաձյաներ»` ընկերներով, որ իրենց համար ուտում, խմում, սանուայով-բանով, վեր կենում, գնում են: Գալիս են նաեւ պաշտոնյաներ, գործարարներ»,- ասաց նա: «Օֆուռոյում» մեկ ժամը արժե 10 հազար դրամ:

Չնայած սաունայի այցելուները կանայք եւ տղամարդիկ են, բայց նրանց վերաբերմունքը այդ վայրի նկատմամբ միանշանակ չէ

Հարցմանը մասնակցած արական սեռի ներկայացուցիչներից  35-ամյա Արամը սաունաների սիրահար է, իր իսկ բառերով ասած` «սիրում է շոգեխաշվել»: «Մեր մոտ կարծրատիպեր կան, որ սաունաներ գնում ես սիրուհիների կամ մարմնավաճառների հետ, ես երկու դեպքում էլ գնում եմ»,- անկեղծացավ նա: 26-ամյա Սերգեյը վատ է վերաբերում սաունաներին եւ կարծում է, որ «օջախի աղջիկը սաունա չի գնա»: «Ես չեմ հավատում, որ սաունա գնում են սաունայի համար, իմ կարծիքով սաունա գնում են հարակից ծառայությունների համար»,- ժպտալով ասաց երիտասարդը` չցանկանալով մանրամասնել, թե ինչ ծառայություններ նկատի ունի եւ ինքը քանի անգամ է օգտվել դրանցից: Նրա խոսքով`  կյանքում իր կնոջ հետ սաունա չի գնա, իսկ սիրուհու հետ կգնա: Սփյուռքահայ Աշոտը պատմեց, որ սաունա գնալու համար ոչ ժամանակ, ոչ էլ գումար ունի, եւ հետո «սաունաների մասին լավ բաներ չեն ասում, դրանք վատ անուն են հանել»: Իսկ մեկ այլ երիտասարդ` Դավիթը,  նորմալ է վերաբերում աղջկա սաունա գնալուն, չնայած իր շատ ծանոթներ բացասական են վերաբերվում, բայց անձամբ ինքը Հայաստանում չի գնա սաունա, որովհետեւ չի վստահում որակին:  33-ամյա Գրիգորը սաունան ընկալում  է որպես հանգստի վայր եւ շատ նորմալ է համարում, երբ այցելում են աղջիկները, սակայն ինքը իր քրոջը չի թողնի այցելել ընկերուհիների հետ: Ինչ վերաբերում է աղջիկների հետ նման վայրեր այցելելուն, ապա նրա խոսքով, «աղջիկների ծառայություններից» օգտվելու համար ավելի հարմար վայրեր կան` հյուրանոցներ, մոթելներ եւ այլն:

Մեր հարցմանը մասնակցած աղջիկները պատմեցին, որ սաունա գնացել են իրենց ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերուհիների հետ: Իսկ թե ինչու հասարակության լայն շերտերի շրջանում դրանց նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ապա 28-ամյա Մարին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դա գալիս է ԽՍՀՄ-ից, երբ 90-ականներին Ռուսաստանում մեծ թափով բացվեցին բաղնիքները, ինչին զուգահեռ էլ առաջացան այլ ծառայությունները եւ սաունանները սկսեցին համարել մի վայր, որտեղ կարելի է «աղջկան վերցնել եւ տանել»: Նրա խոսքով` եթե արտերկրում դա բացառապես ընկալվում է որպես հանգստի միջոց, ապա մեզնում այդպես չէ. «Երբ գնում են Սեւանի մայրուղու վրա մի սաունա, որի կողքին կա երեք հարկանի հյուրանոց, առանձնասենյակներ, ես համոզված եմ, որ այդտեղ գնացողը սաունայի համար չի գնացել»,- նշեց Մարին: Արմինեն շարունակեց  իր ընկերուհու միտքը եւ հավելեց, որ արտերկրի որեւէ երկրում որեւէ սաունային կից երբեք չես տեսնի առանձնասենյակներ, անկողին եւ այլն, իսկ այդ «անկողինը կնոջ համար չէ ու ոչ մի նորմալ տղամարդ իր կնոջը չի տանի այդպիսի սաունա, որտեղ կա անկողին եւ այլն, պետք է ուրիշին տանի»: Արմինեի խոսքով` սաունաներում սենյակներ ստեղծելով նպաստում են նման կարծրատիպի ձեւավորմանը, մինչդեռ սաունան հանգստի միջոց է եւ պետք է ընկալվի որպես մարզասրահ, լողավազան հաճախել: Մեկ այլ աղջկա` Ռուզանի խոսքով` սաունան իրականում լավ բան է, սակայն մեզ մոտ ինչպես բոլոր երեւույթները աղավաղվում եւ այլասերվում է:

Ինչո՞վ  է օգտակար եւ վնասակար սաունան

Սաունան բուժական միջոց չէ, դա  հանգստի եւ ժամանցի վայր է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապեւտ Լիանա Հովհաննիսյանը: Նա խորհուրդ է տալիս սաունաներից օգտվելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, պարզել, թե ինչ հակացուցումներ կան ձեր առողջության համար, որովհետեւ շատ հնարավոր է, որ անձը ունենա ինչ-որ հիվանդություն կամ վարակ, ինչը թույլ չտա  նրան այցելել սաունաներ: Իսկ ընդհանուր առմամբ, սաունաները հիանալի հանգստի միջոց են առողջ մարդկանց համար, իհարկե եթե չեն չարաշահում այցելությունները, օրինակ` այցելում են ոչ թե ամեն օր, այլ շաբաթը կամ 10 օրը մեկ:

Այսպես, սաունաները հակացուցված կամ վատ ազդեցություն կարող են ունենալ այն անձանց համար, ովքեր ունեն արյան զարկերակային բարձր ճնշում, տառապում են սիրտ-անոթային, շնչառական, թոք-սրտային անբավարարության կամ այլ հիվանդություններով, ունեն ինչ-որ վարակներ կամ հիվանդություններ, որոնք սաունայի միջոցով կարող են փոխանցվել ուրիշներին: Այս ամենին գումարվում է նաեւ հիգիենայի խնդիրը, որովհետեւ նույնիսկ առողջ մարդը, եթե օգտվի ոչ հիգիենիկ սաունաներից, ապա հնարավոր է բարդություններ առաջանան: «Սաունաները կարող են վնասակար լինել տղամարդկանց համար, որովհետեւ երկար ժամանակ բարձր ջերմության մեջ մնալը վնաս է հասցնում ամորձիններին, սպանում է սպերմատազոիդնեին, այնպես որ տղամարդկանց  հաճախակի այցելությունները ցանկալի չեն»,- նշեց բժիշկը` հավելելով,որվ սաունաներում անպայման պետք է բժիշկ կամ բուժքույր լինի: Իսկ կանանց դեպքում սաունա արգելվում է այցելել այն ժամանակ, երբ կինը հաճախակի արյունահոսություններ է ունենում:

Այս ամենից զատ`  սաունաներ այցելելը ունի մի շարք առավելություններ, օրինակ`  դա կրճատում է թույների եւ ծանր մետաղների քանակը, կարող է օգնել օրգանիզմը մաքրել խառնուրդներից, ինչպես` նիկոտինը, նատրիումը, ծծմբաթթուն եւ խելստերինը: Լիանա Հովհաննիսյանի փոխանցմամբ`  սաունաները նպաստում են նաեւ մաշկի տոնոուսի, էլաստիկության եւ մակերեսի լավացմանը, ինչպես նաեւ դրանք կարող են օգտագործվել որպես միջոց` ցելյուլիտի պայքարի գործում, մասնավորապես օգնել գեր մարդկանց նիհարել:

Պատրաստեց` Միլենա Ներսիսյանը