Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: «Եվ այդ նախնական պայմանավորվածության համաձայն` 23 ընտրատարածք բաժին է հասել ՀՀԿ-ին: Սա նշանակում է, որ կոալիցիոն մյուս երկու կուսակցություններն այդ ընտրատարածքներում թեկնածուներ չպետք է առաջադրեն: Նույն սկզբունքով 7 ընտրատարածք տրվել է ԲՀԿ-ին, 2 ընտրատարածք` ՕԵԿ-ին: Մեկ ընտրատարածք առանձնացվել է ՀՅԴ խմբակցության անդամ, բայց անկուսակցական, «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար, ով նախորդ անգամ պատգամավոր էր դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով: Իսկ մյուս ընտրատարածքներում տեղի կունենա, այսպես ասած, «ազատ մրցակցություն»: Իհարկե, չի բացառվում, որ մինչև առաջադրման շրջանն այս թվերը փոփոխության ենթարկվեն, բայց, թերթի տեղեկություններով, իշխանությունները պայմանավորվել են այս մասնաբաժիններով բաժանել մեծամասնական ընտրատարածքները»,- գրում է «168 ժամ»-ը: