Նախօրեին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 4 ժամ տեւեց դատական նիստը, որտեղ լսվում էր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուր Հայկանուշ Միքայելյանի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:

«Նշենք, որ տուժող կողմը որպես փոխհատուցում պահանջում է 17 միլիոն 350 հազ. դրամ է… Սա առիթ դարձավ, որ տուժող Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսինն ու ծեծի ենթարկած սկեսրոջ հարազատները հայտարարեն, որ այս դատական հայցը մի նպատակ ունի` ուզում են իրենցից փող պոկել:
«Առավոտը» Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչի հիման վրա է հաշվարկվել 17 միլիոն 350 հազ. դրամը: Փաստաբանի խոսքերով` ցանկացած տուժող, որին պատճառվել է վնաս, իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, տվյալ դեպքում այդ գումարը բարոյական եւ նյութական վնասի հանրագումարն է: Ինչ վերաբերում է գումարին, ապա դա բժշկական փաստաթղթերի հիման վրա հաշվարկված գումարն է, որը հետագայում, եթե դատավճիռը կայացվի հօգուտ տուժողի, պետք է ուղղվի բժշկական ծառայություններին:  Այսինքն փոխհատուցման գումարով պետք է վերականգնվի Մարիամ Գեւորգյանի առողջությունը, որը, ըստ հայցի, վնասվել է խոշտանգումների արդյունքում»,- գրում է «Առավոտը»: