Հայ ազգային կոնգրեսի ստեղծման 4-րդ տարեդարձի կապակցությամբ ամենաջերմ գնահատականները հնչում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ այդ գնահատականների` Կոնգրեսը այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ծանրակշիռ կառույցներից մեկն է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

««Բարգավաճ Հայաստան»-ի այդ կեցվածքը հասկանալի է՝ Կոնգրեսը այսօր ծառայում է «Բարգավաճ Հայաստան»-ին` որպես քաղաքական կառույց, եւ, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ի համար Կոնգրեսը լավ կառույց է: Այլ բան է հասարակության շահը, քանի որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել «Աստծուն եւ մամոնային»: Հետեւաբար` Կոնգրեսը կա՛մ «Բարգավաճ Հայաստան»-ին է ծառայում, կա՛մ հասարակությանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին ծառայելով հասարակությանը ծառայելու տարբերակը, որ փորձում են առաջ մղել Կոնգրեսի լիդերները, ոչ այլ ինչ է, քան անտրամաբանական միֆ: Անտրամաբանական այն պարզ պատճառով, որ ներկայումս Հայ ազգային կոնգրեսը մի քանի անգամ թույլ է «Բարգավաճ Հայաստան»-ից, հետեւաբար մտածել, թե ԲՀԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո իշխանության է գալու ոչ թե ԲՀԿ-ն, այլ ժողովուրդը, առնվազն կա՛մ քաղաքական ոչ ադեկվատություն է, կա՛մ հակահասարակական խորամանկություն:

Թե ինչ ուժ է իրենից ներկայացնում ներկայիս ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը օգնում է գալ իշխանության, պարզ է բոլորին՝ ներկայիս ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ թիմակիցների, ինչպես նաեւ անսկզբունք մի շարք կամ մի խումբ պատեհապաշտների հավաքածու է: Քոչարյանական մասի համար ԲՀԿ-ն գործիք է` վերստին իշխանության գալու, իսկ մի խումբ պատեհապաշտների համար ԲՀԿ-ն ընդամենը գործիք է` իշխանության հետ լավ հարաբերություններ պահպանելու: Եթե Հայ ազգային կոնգրեսը թե՛ հասարակական, թե՛ ֆինանսական, թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ռեսուրսով լիներ առավել ուժեղ կամ գոնե ԲՀԿ-ին հավասար, ապա գուցե այդ ժամանակ արժեր քննարկել ԲՀԿ-ի միջոցով ՀՀԿ-ին զգալիորեն թուլացնելու, Սերժ Սարգսյանին գցելու եւ հետո արդեն ԲՀԿ-ին խաղի նոր կանոններ պարտադրելու տարբերակը: Սակայն այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը մի քանի գլուխ բարձր է Հայ ազգային կոնգրեսից` բոլոր ռեսուրսների առումով, եւ Կոնգրեսի մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան ծառայություն ԲՀԿ-ի որեւէ կոնտինգենտի իշխանություն բերելու հարցում»,- գրում է «Ժամանակը»: