«Առավոտ» թերթի խմբագիրը, անդրադառնալով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում արված վերլուծություններին, գրում է.

«Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան նախորդ օրը կայացած հանդիպման վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում այնպիսի վերլուծություններ են գրվել, որ ես պարզապես զարմանում եմ դրանց հեղինակների իրազեկության վրա: Մեր վերլուծաբանները հավաստի աղբյուրներ ունեն թե մեր նախագահականում, թե Կրեմլում, եւ պետությունների երկու ղեկավարների հետ մտերմությունը նրանց թույլ էր տվել կանխատեսելու, թե ինչ է Պուտինը ասելու Սարգսյանին: Իսկ ասելիքը, ըստ այդ իրազեկ վերլուծաբանների, հետեւյալն է. «Ես Քոչարյանին ավելի եմ սիրում եւ ցանկանում եմ նրան տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում»: Կամ` «Մտիր Եվրասիական միություն, թ չէ` վատ կլինի»…

Նման վերլուծություններն ինձ անհեթեթ են թվում: Բայց ամեն ինչ, ինչպես հայտնի է, հարաբերական է։ Անհեթեթությունը՝ նույնպես։ Գյումրիում լուրեր էին տարածվել եւ տարածողը, հավանաբար, հենց քաղաքապետն էր, թե Մոսկվայում բարձրագույն մակարդակով քննարկվելու է Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի հարցը։ Իբր՝ Վարդան Ղուկասյանն օգտագործելու է իր կապերը, որպեսզի Պուտինը համոզի մեր նախագահին՝ սատարել Գյումրիի ներկայիս քաղաքապետին։ Թե ինչու Պուտինը պետք է այդքան շահազրգոված լինի, որ Վարդան Ղուկասյանը մնա Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ դրա պատասխանն էլ է տրվում։ Պարզվում է, Վարդանիկը անզուգական կազակ է եւ քաջարի ատաման։ (Պարզ չէ այդ դեպքում, թե ինչու նա Բուռնաշի հետ լեզու չի գտել): Ճիշտն ասած, Տոլստոյի եւ Շոլոխովի ստեղծագործություններում ես ոչ մի հայ կազակի չեմ հանդիպել։ Բայց դա, հնարավոր է, ոուս գրողների բացթողումն է, որն, ի վերջո, ներելի է, որովհետեւ պարոն Ղուկասյանն այն ժամանակ դեռ չէր ծնվել, թե չէ՝ անպայման կպատկերվեր ձիու վրա, թուրը՝ մի ձեռքում, մտրակը՝ մյուսում, խրոխտ հայացքը դեպի ոուսաստանյան տափաստաններն ուղղած։ Բայց արդյոք Գյումրիի քաղաքապետի այդ բոլոր բարեմասնությունները բավարա՞ր են, որպեսզի Պուտինը այդքան շահագրգոված լինի նրա անձով։ Ի դեպ, որպես Գերմանիայում աշխատած մարդ, ՌԴ նախագահը գարեջուր էլ է սիրում ինչը բազմիցս խոստովանել է, եւ այդ հանգամանքն անվիճելի առավելություն է տալիս ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածուին:

Ըստ իմ ունեցած խիստ հավաստի տեղեկությունների՝ Գյուլագարակ գյուղի համայնքապետի հարցը որոշվելու է Պան Գի Մուն-Օբամա հանդիպման ժամանակ»,- գրում է «Առավոտը»: