Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 6 թեկնածու;  Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:

«Սպասվածին հակառակ` երեկ վերջին մեկուկես ժամվա ընթացքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, ԱԺ ընտրությունների ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փաստորեն, Արթիկում մրցելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով  Հմայակ Աբրահամյանի օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, հարկայինի նախկին աշխատակից, դաշնակցական Մեսրոպ Բզնունին եւ եւս երկու ՀՀԿ-ականներ` Արթիկի սոցապ բաժնի պետ Արսեն Աբրահամյանն ու մարզահամալիրի տնօրեն Հովակիմ Երիցյանը: Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում, արթիկցիների ասելով, հիմնական պայքարը կընթանա նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ: Քանի որ 6 թեկնածուներից չորսը ՀՀԿ-ականներ են, մենք Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու  Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նրանցից որ մեկին է սատարում կուսակցությունը: Ըստ ՀՀԿ պատասխանատուի` դեռ պարզ չէ, քանի որ կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել, նրանք ինքնառաջադրվել են, հետեւաբար եւ ժողով կհրավիրեն եւ այս հարցը կքննարկեն»,- գրում է «Առավոտը»: