Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Մենք տեսնում ենք, որ ոչ իշխանական Եռյակում հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց առանձին հանրահավաքներ՝ չմիացան նրան մյուս ուժերը, այնուհետեւ այստեղ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ հանրահավաք-երթին մասնակից չեղան՝ բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի։ Ինչի՞ արդյունք է սա: Եռյակ գոյություն ունի՞- չունի՞, ի՞նչ է տեղի ունենում ոչ իշխանական դաշտում:

Այս միության առումով դեռ ՀԱԿ-ի անդամ եղած ժամանակ բարձրաձայնել եմ, ես ետեւից չեմ խոսել, ուղիղ ասել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա ասել է, թե ժամանակը ցույց կտա, ես նորից մնում եմ իմ տեսակետին՝ ես այդտեղ միություն չեմ տեսնում, տեսնում եմ մեկը մյուսին օգտագործելու բիզնես նկրտումներ, եւ ասել եմ, որ այդ նկրտումների առումով Գագիկ Ծառուկյանը հաղթում է, քանի որ այդ բիզնես-գործունեությունը շատ ավելի լավ գիտի, եւ դրա փաստն այն է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե՝ ի՞նչ վատ Իվանիշվիլի է, եւ ղեկը ամբողջությամբ թողնում է այդ կոնտեքստի վրա:

Ես ուզում եմ տեսնել, թե ինչ պետք է անեն այդ քաղաքական ուժերը, ինչու այդ քաղաքական ներկայացուցիչների հենց մի թեւի հետ են այդ դեպքերը պատահում, եւ ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ չեն կատարվում: Ներսում պետք է քննարկեն, փորձեն հասկանալ, որ մյուսները ապահովագրված լինեն: Ես կուզեի այս առումով լսել նրանց տեսակետը, թե ինչ կասեն: Եթե այդ ուժերը հայտարարում են, որ այդ բոլոր բռնությունների հետեւում Սերժ Սարգսյանն է, ու դա այդպես է, դրա հաջորդ քայլը պիտի լինի քաղաքական պատասխանը: Իսկ իրենք ի՞նչ քաղաքական պատասխան ունեն:
Իմ կարծիքով, պատասխանը մեկն է՝ թող մտնեն ԱԺ, վայր դնեն իրենց մանդատները, ասեն, որ այդպես չի կարելի, որ նույնիսկ ազատամարտիկն ու պատգամավորը եթե պաշտպանված չեն, այդ դեպքում այս Ազգային ժողովում անելու բան չունենք: Թող իրենք ավելի վատ չմտածեն իրենցից հետո եկողների մասին: Նրանք ասում են՝ եթե մենք դնենք մանդատները, մեզնից հետո եկողները կգան կվերցնեն: Չէ, նրանք ձեզնից լավն են, այս իրավիճակում ոչ ոք մանդատ չի վերցնի, ոչ ԲՀԿ-ի, ոչ ՀԱԿ-ի, ոչ էլ առավել եւս «Ժառանգության» ցուցակներում հաջորդիվ եկող անդամները, որոնք պայքարել են, ու դուք պատգամավոր եք դարձել: Ով էլ վերցնի, խայտառակ է լինելու: Հետեւաբար, դնում եք մանդատները, իսկական սահմանադրական ճգնաժամ եք առաջացնում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիր եք ստեղծում, ու այդ դեպքում ես կհամարեմ, որ դուք ազնիվ եք, իշխանափոխություն եք ուզում: Իհարկե, այդ դեպքում անգամ ձեզ հետ համագործակցելն իմ խնդիրը չէ, որովհետեւ քաղաքական առումով ես չեմ կիսում ձեր մոտեցումները:

Բայց այդ դեպքում գոնե դուք կդառնաք ընդդիմություն, հասարակական շրջանակներում հարգանք կվայելեք, որ ձեր անձնականը թերադասեցիք հանրայինին: Այլապես ստացվում է, որ այս երկրում կա իշխանություն, կա այլընտրանք, կա ոչ իշխանություն եւ կա ընդդիմություն: Նման քաղաքական դաշտի բաժանում աշխարհի ոչ մի երկրում չեք գտնի: Աշխարհում կա իշխանություն եւ ընդդիմություն, մնացած տարբերակները կամ համագործակցություն են, կամ բլեֆ, կամ էլ ավելի հավանական է, որ երկուսը միասին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ