Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ռուսաստանից սկիզբ առած եւ ողջ հետխորհրդային տարածքն ընդգրկած ֆինանսատնտեսական ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ գործ ունենք լրջորեն մշակված եւ ապա՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին հրահրված կառավարելի քաոսի նոր տարատեսակի հետ։

Այսինքն՝ ռումբերի կամ ահաբեկիչների փոխարեն գործում են համաշխարհային շուկայի ֆինանսատնտեսական լծակները, որոնք ոչ միայն ավելի լուրջ հարվածներ են հասցնում հակառակորդին, այլեւ հանգեցնում են նրա ներքին դիմադրողականության կտրուկ թուլացմանը։ Ու թեեւ Ռուսաստանին վերջին օրերին հաջողվել է հսկայական դոլարային ներարկումների միջոցով կայունացնել ռուբլու կուրսը, սակայն ակնհայտ է, որ սա այդ երկրին համակած ֆինանսատնտեսական ճգնաժամի վերջը չէ։

Ֆինանսատնտեսական լծակների միջոցով մեր ռազմավարական դաշնակցին պարտադրվող ճգնաժամը նպատակ ունի ոչ միայն չափավորել նրա ինտեգրացիոն ախորժակները, այլեւ հասնել ավելիին՝ այդ երկրում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխության» եւ օլիգարխների շահերը սպասարկող մի նոր առաջնորդի հայտնության համար։ Նման ծրագրի գոյության մասին արդեն խոսում են նաեւ Ռուսաստանի առանցքային պաշտոնյաները։
   Ակնհայտ է, որ ներկա հրահրված ճգնաժամը դեռ երկար ժամանակ իր ազդեցությունն է գործելու ոչ միայն Ռուսաստանի, այլեւ հետխորհրդային այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա։ Եվ հիմնական քաղաքական խնդիրը, որ կանգնած է հետխորհրդային վերնախավերի առջեւ, ճգնաժամը քաոսի վերածելու փորձերի կանխարգելումն է։

Ճգնաժամին դիմակայելու առումով մեր երկրի հնարավորությունները խիստ սահմանափակ են, որովհետեւ մինչ օրս ունենալով լիբերալ տնտեսություն եւ այդ առումով գերազանցելով մեր բազմաթիվ հարեւաններին, այժմ ներառվում ենք Եվրասիական տնտեսական միության՝ ամենեւին էլ ոչ լիբերալ ֆինանսատնտեսական համակարգի մեջ։ Նավթի գների անկման հետեւանքով շատ թե քիչ արտոնյալ վիճակում հայտնվելու փոխարեն մեզանում նկատվում են ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի նախանշաններ, որոնց խորացումը հղի է քաոսային զարգացումների հեռանկարով։
Ներկայումս գոյություն ունեցող ճգնաժամի հաղթահարման նախնական պայմանը ֆինանսական հոսքերի հանդեպ կոշտ վերահսկողության զուգորդումն է արտադրական սեկտորի զարգացման ռազմավարության հետ, որովհետեւ դրամի լողացող փոխարժեքի պայմաններում արտահանման կտրուկ մեծացման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։
   Բայց դրանք կարող են «աշխատել» միայն մի պարագայում. եթե մեր երկրում գործող բանկային համակարգը դադարի լինել ֆինանսատնտեսական օլիգարխիային սպասարկող «փակ շրջանակ», այլ դառնա արտադրությունը վարկավորող հաստատություն։
Առկա ֆինանսատնտեսական ճգնաժամը քաոսի վերածվելու վտանգի կանխման մյուս կարեւորագույն պայմանը երկրի տնտեսական անվտանգության հիմքը կազմող պարենային անվտանգության ապահովումն է։ Այս ոլորտում գների անկառավարելի աճի սպառնալիքը քաոսային զարգացումներ ծնող վճռական գործոններից մեկն է, որը պետք է կանխվի վարչական կոշտ քաղաքականության կիրառման միջոցով։

Ճգնաժամը քաոսի է վերածվում այն պարագայում, երբ դադարում է սպառնալիք լինել մարդկանց նեղ խմբերի համար եւ վերածվում է ժողովրդի հիմնական զանգվածի գոյության վրա կախված վտանգի։ Մեզանում դրամի փոխարժեքի տատանումները մեխանիկորեն ապրանքների գների բարձրացմանը հանգեցնող լիբերալ տնտեսության կանոնները դեռեւս գործում են, բայց շուկայի սահմանափակությունը առայժմ թույլ չի տալիս դրանց անսահմանափակ ծավալումը։
Կարծում ենք, վճռական խոսքը պատկանում է երկրի գործադիր իշխանությանը, որն առաջիկայում բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պարտավոր է կանխել դրամի փոխարժեքի ու գների մեխանիկական բարձրացման «էստաֆետը»՝ ժողովրդի հիմնական զանգվածի համար երաշխավորելով հիմնական եւ անհրաժեշտ ապրանքատեսակների ձեռքբերման հնարավորություններ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ