Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի հետ, ով անդրադառնալով Գյումրիի սպանդի դեպքին, նշել է. «Գյումրիում կատարված սպանության զուտ իրավական կողմը եթե դիտարկենք, ապա պետք է արձանագրենք, որ առաջինը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով  Ռուսաստանն իրավասու չէ դատավարություն անցկացնել: Որեւէ դատավարություն կլինի բացարձակապես անօրինական:  Երկրորդ. Ռուսաստանն իրավասու չէ վարել Գյումրիի սպանությունների գործով նախաքննությունը՝ նույն պատճառով: Եւ երրորդ՝ քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվությունների, Պերմյակովի նկատմամբ Հայաստան-Թուրքիա պետական սահմանը խախտելու փորձ անելու մեղադրանք չի ներկայացվել, ապա նրա ձերբակալությունը ռուս սահմանապահների կողմից եղել է անօրինական, որովհետեւ ռուս սահմանապահներն իրավունք ունեն ձերբակալել միայն նման փորձի դեպքում»:

Նրա համոզմամբ՝ «Ռուսաստանը կարող է օրինական նախաքննություն, հետագայում դատավարություն անցկացնել, սակայն զորամասը զինված եւ անօրինական լքելու մեղադրանքով ընդամենը»:

Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի դիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:

«Ներկայումս Ռուսաստանի հատուկ ծառայություններն են տիրապետում նախաքննության բոլոր լծակներին եւ կբեմադրեն ինչ-որ իրենց հարմար կլինի: Բայց ավելի քան վստահ եմ, որ հետագայում երբ Ռուսաստանում փոխվի քաղաքական իրավիճակը, ինչն անխուսափելի է, Հայաստանը հնարավորություն կունենա նորից նախաքննություն անցկացնելու»,-ասել է նա:

Շահնազարյանը նաեւ նշել է. «Ռուսական ռազմակայանի ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ, ըստ էության նպաստելով, հանցագործության կոծկմանը, եւ խոչընդոտում է ՀՀ իրավապահների կողմից արդարադատության իրականացմանը: Այս առումով կարելի է մեղադրանք առաջադրել նաեւ հրամանատարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ