Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չափազանց դժգոհ է իր նախկին կուսակիցների եւ ԲՀԿ խմբակցության անդամների ներկա պահվածքից, ովքեր հանդիպում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկում սահմանադրական փոփոխությունների հարցը եւ նույնիսկ պատրաստակամություն հայտնում մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումներին:

Մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարից հետո իր ունեցած մասնավոր հանդիպումների ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր իրեն ընդամենը մեկ-մեկուկես ամիս առաջ վստահեցնում էին, որ սահմանադրական փոփոխություններին որեւէ կերպ չի կարելի համաձայնել, որ այդ փոփոխությունների բուն նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է, հիմա հանդիպում են նրա հետ եւ պատրաստակամություն հայտնում քննարկել այդ փոփոխությունները:

Խոսքը վերաբերում է առաջին հերթին ԲՀԿ քաղաքական թիմին եւ ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Ծառուկյանը հիմա հայտարարում է, որ ինքը ընդհանրապես որեւէ խնդիր չի ունեցել սահմանադրական փոփոխությունների հետ, որ իր համար գրեթե միեւնույն է եղել՝ կփոխվի՞ Սահմանադրությունը, թե՞ կմնա նույնը, Հայաստանում կիսանախագահակա՞ն, թե՞ ամբողջովին խորհրդարանական կառավարման համակարգ կլինի, ընտրությունները 100 տոկոսով մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով կլինեն, քանի որ ինքը ցանկացած պարագայում կարող էր եւ՛ պատգամավոր ընտրվել, եւ՛ խորհրդարանում մեծաքանակ խմբակցություն ունենալ: Սակայն ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչներն են իրեն համոզել, որ ոչ մի պարագայում չի կարելի մտնել սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ, քանի որ դա Հայաստանի վերջն է: Այդ նրանք են իրեն համոզել, որ Սերժ Սարգսյանը այդ գործընթացը նախաձեռնել է, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը, եւ դա թույլ չտալու միակ ճանապարհը այն է, որ իրենք հայտարարեն, որ դեմ են ցանկացած սահմանադրական փոփոխության, որ եթե Սերժ Սարգսյանը գնում է սահմանադրական փոփոխությունների, ապա իրենք էլ գնում են իշխանափոխության:

Ծառուկյանին խիստ վիրավորական է թվում նաեւ ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի պահվածքը: Ծառուկյանն ասում է, որ ինքը հիշում է, թե ինչպես էր Արսենյանը այդ քննարկումների ժամանակ հայտարարում. «Նիկոլայիչ, ես տարբեր հարցերում կարող եմ կոմպրոմիսի գնալ, բայց, կներես, սահմանադրական փոփոխությունների հարցում չեմ կարող, եթե ԲՀԿ-ն այդ հարցում կոմպրոմիսի գնաց, ես դուրս կգամ ֆրակցիայից»: Իսկ հիմա Արսենյանը ոչ միայն հանդիպում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այլ նաեւ պատրաստակամություն է հայտնում քննարկել սահմանադրական փոփոխությունների ցանկացած տարբերակ՝ հայտարարելով, որ իրենք կառավարման որեւէ համակարգի ֆանատները չեն եւ գիտեն հաջողված օրինակներ եւ՛ նախագահական, եւ՛ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ