Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի դեպքին եւ թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Լեւոն Զուրաբյանը Գեւորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն եւ ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու եւ կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, եւ այս մասին Գեւորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից:

Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարեց, թե վերջինս ստախոս է եւ միշտ աչքի է ընկել վատ վարքագծով: Թեմային իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւս ծանոթ է:

Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրեց այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Գասպարիի խոսքով` Գեւորգ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնվեց բանտում, այնտեղից դուրս գալուց հետո անընդհատ դիմում էր այդ նույն հարցով` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ թե՞ ոչ:

«Դրանից հետո Գեւորգը դիմեց ինձ այդ նույն հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին նույն հարցով` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչու՞ չեն տրամադրում այդ ստացականը Գեւորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Ես կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում ես: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն տրամադրեն նրան»,- ասաց Վ. Գասպարին եւ հավելեց, որ իրենից բացի նաեւ այլ մարդկանց է Գեւորգը դիմել, ովքեր եւս դիմել են ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»:

Անդրադառնալով ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, Գասպարին նկատեց`  կարծես իրավաբանական մի ամբողջ խումբ նստել էր եւ այդ պատասխանը պատրաստել: «Այն, որ գնահատական են տվել, թե Գեւորգը ստախոս է ու անբարոյական, ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունն է: Ես մինչեւ հիմա այդ մասին չեմ բարձրաձայնել, որովհետեւ հենց այդ քաղբանտարկյալների ցուցակում եղել են քրեական անցյալ ու քրեական ներկա ունեցող անձինք, «զոն նայողի» թափթփուկներն էին:

Դրանց ՀԱԿ-ը որեւէ թթու բան չի ասել, որեւէ գնահատական չի տվել այդ մասին: Իսկ հիմա նրա համար անբարոյական են այն մարդիկ, ովքեր իրենց բողոքը բարձրաձայնում են, մատնացույց են անում իրենց ոտնահարված իրավունքը, որը տեղի է ունեցել ՀԱԿ-ում: Այ դրանք են անբարոյական»,- մանրամասնեց Վարդգես Գասպարին: Նա ավելացրեց, որ Գեւորգ Մանուկյանի պահանջն արդար է եւ վերջինս շատ ճիշտ տեղ է պահանջներ ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ