Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հին ջրաչափերը նորերով փոխարինելու մասին ծանուցումները շարունակում են մտահոգել քաղաքացիներին: Առանց այդ էլ սոցիալական վիճակը երկրում, մեղմ ասած, հուսադրող չէ։ Ու այս պայմաններում մարդիկ, առաջնային ծախսերը թողած, հիմա էլ պետք է հին ջրաչափը ստուգման տանեն, եթե անհրաժեշտ է` նորը ձեռք բերեն, դիմեն «Երեւան-Ջուր» ընկերությանը՝ այն կնքելու համար։ Եվ այս ամենը՝ սեփական միջոցներով:

Քաղաքացիներին այս պահին զգուշացվում է, որ 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է այս գործընթացն ավարտվի, ջրի դիմաց վճարումն այս դեպքում պետք է արվի նախկին 3 ամիսների միջին վճարման չափով։

«Ինձ զգուշացրել են, որ իմ միջոցներով պետք է ջրաչափը փոխեմ, հասցեն տվել են, որ տանեմ ստուգման։ Ինձ ավելի ձեռնտու է, որ հաստատագրված գումար լինի, վճարեմ ու վերջ, ոչ թե մտածեմ ջրաչափ փոխելու, ջրաչափը չվնասելու մասին: Իսկ եթե նման պահանջներ են դնում սպառողի առաջ, պետք է նաեւ կամ ֆինանսական հոգսը վերցնեն իրենց վրա, մարդկանց քաշքշուկներից ազատեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանում վարձով ապրող ուսանող Արմինե Կարապետյանը, ով եւս ստիպված է լինելու անցնել այս գործընթացով:

«Երեւան-Ջուր» ընկերությունը գրավոր պատասխանելով 168.am-ի հարցադրումներին՝ տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004թ. 130-Ն որոշման, ջրաչափական սարքերը ձեռք են բերվում եւ սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների հաշվին:

«Ուրիշ է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ընկերությունն իրականացնում է ջրաշինարարական աշխատանքներ, մասնավորապես` անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում, ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, որպես բարի կամքի արտահայտություն, ոչ միայն բնակիչների հին հաշվիչներն անվճար հիմունքներով փոխարինում է նորերով, այլեւ նրանց համար կառուցում է նոր անհատական ջրագծեր, տեղադրում բետոնե դիտահորեր, փականներ ու զտիչներ: Բնակչին մնում է միայն իր տան ներքին ջրագիծը միացնել ջրաչափին, որը, որպես կանոն, տեղադրվում է մայթեզրին` դարպասի մոտ: Այս ամենի համար ընկերությունը մեկ բաժանորդի հաշվով ծախսում է միջինը 80-100 հազար դրամ»,- հայտնում են ընկերությունից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ