Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթը` նվիրված Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ:

ՀՀԿ առաջնորդի այդ ելույթից հետո սկսվեցին կոնկրետ գործողություններ՝ Գ. Ծառուկյանին զրկեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամությունից, հանձնարարվեց ուսումնասիրել նաեւ ԱԺ մանդատից զրկելու հարցն ու, ի վերջո, սկսեցին ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Արդյունքում՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Սակայն երկու ամիս էլ չանցած` Սերժ Սարգսյանը, փաստորեն, «վերակենդանացրեց» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյան դերակատարին` Կոտայքի մարզպետ նշանակելով վերջինիս փեսային՝ Կարապետ Գուլոյանին, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էլ ամբողջությամբ թողնելով Գ. Ծառուկյանի հայեցողությանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադառնում է քաղաքական դաշտ ու իր դերակատարությունն է ունենալու գրեթե բոլոր հարցերում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյան

Պարո°ն Հարությունյան, ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Սակայն հիմա, փաստորեն, նրան կրկին քաղաքականություն վերադարձնելուն ուղղված քայլեր են արվում, ինչո՞ւ:

Ի՞նչ է, ուզում եք Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն:

Բայց Սերժ Սարգսյանն էր որոշել Գագիկ Ծառուկյանին ամեն ինչից զրկել:

Ինչի՞ց են զրկել, ինչի է Ձեզ բոլորիդ էդ հարցը հետաքրքրում, իրա փեսան մեղավո՞ր է, որ գնացել, իր աղջկան ուզել է, փեսան ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, հա, հարազատական կապ կա, բայց այդ մարդը քաղաքապետ է աշխատել, ըստ երեւույթին, արժանի է, որ իրեն նշանակեն մարզպետի պաշտոնում: Վաղը, մյուս օրն էլ կարողա իրեն նախարար նշանակեն կամ մեկ ուրիշ տեղ, չեմ կարծում, որ այդ ամենի համար կարելի է Ծառուկյանին մեղադրել: Դա անցած էտապ է, հո մինչեւ 2020 թիվը Ծառուկյանից կամ այդ հայտարարությունից չենք խոսելու, ի վերջո, դա էլ է էլի ձանձրացնող թեմա: Ես իմ կարծիքը դրա մասին ասել եմ: Նա մեր երկրի քաղաքացի է եւ լիիրավ իրավունք ունի ցանկացած գործունեություն ծավալել: Ոչ մեկը օրենքով Ծառուկյանին չի զրկել քաղաքականությամբ զբաղվելուց, այդպիսի բան իրականում գոյություն չունի մեր երկրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ