Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը շարունակում է անորոշ մնալ, բայց նախընտրական քարոզարշավը գնում է ամբողջ թափով: Հնարավոր է, որ ընտրությունների օրը իշխանության եւ մասնավորապես մարզպետ Կարո Գուլոյանի կողմից հետաձգվում են հատուկ մեկ թեկնածուի՝ Վահագն Գեւորգյանի համար, որպեսզի նրան սատարող ուժերն ավելի մեծ ժամանակ ունենան քարոզարշավը կազմակերպելու համար:

Վահագն Գեւորգյանը համարվում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն, եւ դրա ամենավառ ապացույցը աբովյանցիները համարում են այն, որ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն անձամբ է զբաղվում նրա անվտանգության կազմակերպմամբ, ինչը աբովյանցիները համարում են հատուկ վերաբերմունքի դրսեւորում:

Քաղաքականությունից իբր թե հեռացած Ծառուկյանը իրեն պատկանող «Փարավոն» խաղատուն է հրավիրում գործարարությամբ զբաղվող աբովյանցիներին եւ նրանց առաջարկում քվեարկել Գեւորգյանի օգտին: Գեւորգյանի քարոզչությանն է լծված նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, ով ըստ աբովյանցիների՝ գրեթե ամեն օր իր նախկին՝ քաղաքապետի աշխատասենյակ է հրավիրում Աբովյանի դպրոցների, մանկապարտեզների եւ մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին եւ նրանց հրահանգում, որ աշխատեն Վահագն Գեւորգյանի օգտին:

Արդյոք մարզպետ Գուլոյանը իր այս գործունեությունը համաձայնեցրե՞լ է իշխանության հետ, թե՞ դա անում է բացառապես իր աներոջ՝ քաղաքականությունից իբր թե հեռացած, բայց իրականում քաղաքականությանը անմիջականորեն մասնակցող Գագիկ Ծառուկյանի հետ՝ դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ն, որպես իշխանության միակ կրող ուժ, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հարցում որոշում չի կայացրել:

Չնայած ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման բացակայությանը՝ Վահագն Գեւորգյանի թեկնածության օգտին են աշխատում վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրա ենթակայության տակ գտնվող ԲՀԿ-ն: Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կարող են ցույց տալ, որ իրականում Գագիկ Ծառուկյանը այնքան էլ չի հեռացել ԲՀԿ-ից եւ գոնե Հովիկ Աբրահամյանի միջոցով միջնորդավորված վերահսկում է այս կուսակցության գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ