Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի երկրորդ կեսին, երբ արդեն լիարժեք ավարտված կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն:

Նշենք, որ եթե քսան օր առաջ իշխանական կուլիսներում Կառավարության փոփոխության մասին խոսում էին զուտ որպես հնարավորություն, ապա այժմ այդ հեռանկարը ներկայացվում է, թե իբր քաղաքական որոշումն արդեն կայացվել է:

Ըստ լուրերի՝ Կառավարության փոփոխության մասին կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին պաշտոնապես մեկնարկ տալու հայտարարության հետ գրեթե միաժամանակ: Այսպիսով նախ՝ կլուծվի Հովիկ Աբրահամյանի անցավ պաշտոնանկության հարցը, քանի որ կներկայացվի, թե իբր նրան վարչապետի պաշտոնից ոչ պակաս կարեւոր գործ է վստահվելու` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի ղեկավարի գործը:

Որպես գործադիրի ղեկավարի պաշտոնանկության հրամայական՝ իշխանական կուլիսներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը չի կատարել վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տված տնտեսական աճ ապահովելու խոստումը: Մասնավորապես, նա պարտավորվել էր խոշորածավալ ներդրումներ բերել Հայաստան, ինչը նրան չի հաջողվել ու չի հաջողվում: Իսկ աշնանը մնացել է չորս ամիս, եւ եթե մինչ այդ Հայաստանին չհաջողվի 700 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավվել, ապա տնտեսությունում անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Ըստ լուրերի՝Հովիկ Աբրահամյանը փորձում է ժամանակ ձգել մինչեւ հուլիս, քանի որ համոզված է, որ գարնան ամիսներին Հայաստան այցելած հյուրերի աճը եւ գյուղատնտեսական տարվա ակտիվ շրջանի մեկնարկը որոշակիորեն կաշխուժացնեն տնտեսությունում ստեղծված մեռյալ վիճակը: Բայց, ինչպես արդեն նշեցին, պաշտոնապես նա ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ կտեղափոխվի «ավելի պատասխանատու» աշխատանքի, առավել եւս որ այդ փորձը կա:

Հիշեցնենք, որ նա 2011 թվականին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ: Մյուս կողմից նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի արդյունքում միաժամանակ

հնարավոր կլինի դաշնակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել: Բայց սա այն դեպքում կլինի, եթե Սերժ Սարգսյանն իրականում որոշի փոխել Հայաստանի կառավարման կարգը` կիսանախագահականից դարձնելով խորհրդարանական:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ