«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս նրան պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլլոտո»:
Ապարատներն աշխատում են գումարով, ինչպես նաեւ հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. Կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: «Ժամանակի» այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում», որտեղ եւս կա այդ ապարատից, մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար:
Մոտեցանք ու խաղացողներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատում այն՝ ձեւացնելով, թե մենք նույնպես ցանկանում ենք խաղալ, պարզապես օգտվելու կերպը չգիտենք: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ոնց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,-ասաց քաղաքացին ու մանրամասնեց հետագա քայլերը:
Ի դեպ մեզ ապարատի աշխատանքին ծանոթացնող քաղաքացին խաղալու համար ապարատ մուտք արեց միանգամից 5000 հազար դրամ: Իսկ թե օրը քանի նման քաղաքացի է մոտենում ապարատին` մնում է ենթադրել:
Ուշագրավ է, սակայն, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն արգելում է քաղաքի ներսում շահումով խաղեր, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում: «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»,-սահմանում է օրենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում