Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ այն գործող 42 դրամից դարձնել մոտ 60 դրամ:

Մեզ հետաքրքրում է այլ հարց. իսկ ինչպիսի՞ն է էլեկտրաէներգիայի սակագինը Ռուսաստանում: Ինչո՞ւ ենք Հայաստանի սակագինը համեմատում Ռուսաստանի հետ, քանի որ էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղվում է նույն օպերատորը, Հայաստանը գազը գնում է Ռուսաստանից եւ ինչպես վստահեցնում են ռուսները՝ ներռուսաստանյան սակագներով: Իսկ գազից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսը: Մնացածը ապահովում են ՀԱԷԿ-ը եւ ՀԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրաէներգիան անհամեմատ ավելի էժան է:

Երբ կնքվում էր հայ-ռուսական գազային համաձայնագիրը, մեզ վստահեցնում էին, որ Հայաստանը գազը ստանում է Օրենբուրգի մարզի գներով: Հիմա տեսնենք, թե ինչպիսին է էլեկտրաէներգիայի սակագինը Օրենբուրգի մարզում՝ընդամենը 2.2 ռուբլի կամ մոտ 20 դրամ՝ այսօրվա ռուբլի-դրամ փոխարժեքով, կամ երեք անգամ ավելի էժան այն գնից, որը փորձում է ՀԷՑ կառավարչ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը փաթաթել հայ սպառողների վզին: Էլեկտրաէներգիան ամենաթանկը Հայաստանին ամենամոտ գտնվող Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերում է՝ համապատասխանաբար 3.8 եւ 3.7 ռուբլի 1 կիլովատտ/ժամի համար կամ՝ մոտ 35 դրամ: Նույնիսկ Մոսկվայի նման մեգապոլիսում, որտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկը հսկայական է, սակագինը 4.53 ռուբլի է, այսինքն՝ շատ մոտ է այսօր Հայաստանում գործող սակագնին՝ 42 դրամ մեկ կիլովատտ/ժամի դիմաց, բայց ոչ 60 դրամ:

Ծանրագույն էներգետիկ Ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագները առավել քան սոցիալական են: Օրինակ՝ մինչեւ 100 կիլովատտ/ժամ սպառողների կամ սոցիալապես անպաշտպան խավերի համար 1 կիլովատտն արժե ընդամենը 8 դրամ, իսկ 100-ից 600 կիլովատտ/ժամ սպառողների համար, այսինքն՝ երկրի բնակչության հիմնական մասի համար՝ 16-17 դրամ:

Եվրոպայում մարդը էլեկտրաէներգիայի միջին սպառման դեպքում՝ 200 կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է իր աշխատավարձի 1 տոկոսը: Մինչդեռ եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դառնա 60 դրամ, ապա կստացվի, որ քաղաքացին պետք է վճարի միջին աշխատավարձի 10 տոկոսը, մի ցուցանիշ, որպիսին գոյություն չունի ամբողջ աշխարհում:

Ընդհանրապես՝ երբ հարց է դրվում, թե ինչ պետք է անել էլեկտրաէներգիայի սակագների շարունակական աճ թույլ չտալու համար, պետք է հասկանալ, որ նման հարցադրումը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ամեն տարի միջին հաշվով աճում է 15-20 տոկոսով, եւ ռուսները այդ նույն գործողությունը իրացնում են նաեւ Հայաստանում: Դրա պատճառն այն է, որ ռուսական ընկերությունները ամենաանարդյունավետ կառավարիչներն են, այդ ընկերությունների մոտ կորուստները կազմում են 12-15 տոկոս՝ այն դեպքում, երբ Եվրոպայում միջին կորուստը տատանվում է 5-7 տոկոսի սահմաններում: Իսկ քանի որ ռուսները ոչ մի կապիտալ ներդրում չեն կատարում էներգաբաշխման համակարգում, եւ այն ֆիզիկապես, էլ չասած՝ բարոյապես մաշվում է, բնականաբար՝ մեծանում են իրական կորուստները, իսկ եթե դրան էլ գումարենք պարզ կողոպուտը, ապա առաջանում է սակագնի անընդհատյա բարձրացման անհրաժեշտություն:

Խնդիրը պետք է դրվի բոլորովին այլ կերպ. ինչպես ազատվել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման գործում ռուսների ունեցած բացարձակ մենաշնորհից: Քանի դեռ ռուսները տիրապետում են Հայաստանի էներգետիկ շուկային, նրանք ամեն ինչ անելու են՝ կանխելու էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների զարգացումը, եւ փորձելու են խեղդել եղածները, ինչպիսիք են փոքր ՀԷԿ-երը: Ռուսներին պետք է, որ էլեկտրաէներգիան արտադրվի բացառապես ռուսական գազով կամ գոնե ռուսական միջուկային վառելիքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ