Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անունը մամուլի էջերից չի իջնում: «Ժողովուրդ»-ը պարզեց,որ այս անգամ ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել հայտնի ապահովագրական ընկերություններից մեկին՝ «Ինգո Արմենիային»,  գումար ստանալու պահանջով:

Այն, որ վերջին շրջանում Աշոտ Աղաբաբյանի գործերը լավ չեն, ակնհայտ է անգամ նրա տված հարցազրույցներից: Դեռեւս 2014 թվականին գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա  Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Երկու ամիս տեւած քննությունից հետո դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջը, սակայն, այսպես ասած, պատգամավորի աշխատակիցը այդպես էլ չվերադարձրեց նրա դոլարները: Ասել է թե՝ «քցեց» պատգամավորին:

Տպավորությունն այնպիսին էր, որ այդ պատմությունից հետո նա այլեւս առիթ չի ունենա՝ ընկնելու «դատարանի դռները», սակայն արի ու տես՝ 2015 թվականը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար, հատկապես դատական հայցերով, բավականին բուռն է սկսվել:

2015թ մարտին ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի չափով տուգանել էր նրան: Սակայն ինչպես փորձը ցույց էր տվել, պատգամավորը ձեռնունայն չէր նստել եւ տուգանքը բողոքարկել էր դատարանում: Ասել է թե՝ պատգամավորը դատարանի միջոցով է փորձում պայքարել հարկային ծառայության դեմ: Ինչ հանգուցալուծում կունենա պատգամավոր եւ ֆինանսների նախարարություն վեճր, դժվար է ասել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտ Աղաբաբյանը հարկային այս տուգանքը «գործ սարքել» էր համարել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 9-ին Աշոտ Աղաբաբյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը հարկադրեն կատարել պայմանագրային պարտավորությունները: Ի՞նչ պայմանագիր է կնքել պատգամավորը ընկերության հետ, եւ ընկերությունը պայմանագրով նախատեսված ի՞նչ պարտավորություններ է ստանձնել ու չի կատարել:

Դատելով դատարանում Աշոտ Աղաբաբյանի լիազոր ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյանի պատասխանից՝ Աշոտ Աղաբաբյանին պատկանող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, ըստ էության, վթարի սխալ լինելու մեջ պատգամավորին է մեղադրում եւ հրաժարվում է փոխհատուցում տալ:

Իսկ, ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պատահարով ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից վարչական վարույթ չի իրականացվել, ուստի վերը նշված պատահարում մեղավորության աստիճանը որոշելու նպատակով Ընկերությունը, առաջնորդվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային փորձաքննություն: «Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները, Ընկերության կողմից կայացվել է որոշում՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

«Այն, որ ապահովագրական ընկերություններն ամեն ինչ անում են՝ քաղաքացիների գումարը չտալու, ուշացնելու եւ «քթերից բերելու» աստիճանի հասցնելով փոխհատուցումը փոխանցելու համար, վաղուց հայտնի իրողություն է: Բայց որ նաեւ պատգամավորներն են ԱՊԱ-ներից «քաշվածները», դա արդեն հետաքրքիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ