Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի շուրջ հասունացած օֆշորային սկանդալը կարծես թե կարող է նոր թափով բռնկվել: Համենայնդեպս, այս մասին է վկայում այն, որ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ, որը հենց օֆշորային սկանդալի գործում ներկայանում էր որպես տուժող եւ մեղադրել է Տիգրան Սարգսյանին իրեն սնանկացնելու մեջ: Փայլակ Հայրապետյանը մամուլում հայտարարել է, որ Սարգսյանի հաշվին է նստել 7 միլիոն 500 հազար դոլար, ինչի դիմաց էլ Սարգսյանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել զրպարտության համար:

Թե ինչ զարգացում կունենա օֆշորային սկանդալն այս դրվագով՝ կիմանանք առաջիկայում, սակայն փաստն ինքնին, ըստ էության, նշանակում է, որ Տիգրան Սարգսյանն անցնում է հակագրոհի:

Օֆշորային այդ սկանդալը ծավալվեց ավելի քան մեկ տարի առաջ եւ մեծ հարված էր Սարգսյանի վարչապետական դիրքերին, որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձեց հերքել իր մասնակցությունը: Ըստ էության, մասնակցության հերքման առումով համոզիչ փաստարկներ հասարակությունը չստացավ էլ՝ բացառությամբ պնդումների, որ օֆշորում կարելի է ցանկացածի անունով հաշիվ բացել եւ այլն:

Սակայն խնդիրն այն է, որ Սարգսյանը որոշ ժամանակ անց անցավ ընդհանրապես չպատասխանելու մարտավարության, եւ գործն, այսպես ասած, ննջեց, ինչին, իհարկե, նպաստեց նաեւ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը:

Թե այստեղ ինչ դերակատարում է ունեցել գործը՝ կդժվարանանք ասել, սակայն սկանդալը, իհարկե, լիուլի նրա դեմ օգտագործում էր Սարգսյանի հիմնական քննադատ, ընդդիմախոս ոչ իշխանական բեւեռը: Ի վերջո բեւեռը հասավ Սարգսյանի հեռացման, եւ օֆշորային աղմուկը ինչ-որ չափով մարեց, թեեւ այդ ընթացքում զուտ մամուլի էջերում զարգացումներ լինում էին:

Եվ ահա Տիգրան Սարգսյանն է այս անգամ փաստորեն նոր թափ հաղորդում այս պատմությանը՝ Փայլակ Հայրապետյանի դեմ զրպարտության հայցով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Տիգրան Սարգսյանն ունի որոշակի հեռահար պլաններ ակտիվ քաղաքականության հետ կապված եւ սրանով փորձում է սկսել այդ պլանները՝ իր համար, այսպես ասած, ամենատհաճ եւ վարկի իմաստով ամենաուժգին հարվածներից մեկից մաքրվելով:

Մյուս կողմից՝ հստակ է, որ Սարգսյանը ձեռք է տվել բանի, որը կարող է բռնկվել նոր թափով, եւ այս տեսանկյունից նա չէր կարող չպատկերացնել դա: Սա նշանակում է, որ Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստվել է բավական երկար: Այնուամենայնիվ, ինտրիգը հենց այն է, թե ինչո՞ւ հատկապես այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը որոշեց նմանօրինակ կերպով արձագանքել իր դեմ մեղադրանքներին, երբ վարչապետի պաշտոնում նա, չգիտես ինչու, չգնաց զրպարտության համար դատական հայցի: Մի՞թե ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի պարագայում Տիգրան Սարգսյանի համար այդ զրպարտությունն ավելի խնդրահարույց է, թե՞ վարչապետի պաշտոնին նա մտովի հրաժեշտ էր տվել արդեն, իսկ դեսպանի պաշտոնին հրաժեշտ տալու մտադրություն նա չունի:

Չի բացառվում իհարկե, որ Սարգսյանի քայլը թելադրված է ավելի լայն՝ իշխանական շահերով, եւ Սերժ Սարգսյանն է նրան հորդորել գնալ նման քայլի, քանի որ մեղադրանքները ԱՄՆ կառավարության մոտ են հարցեր առաջացնում դեսպանի հետ կապված: Մյուս կողմից՝ այդ հարցերը կարող էին լինել նշանակման պարագայում:

Այնպես որ՝ խնդիրը ըստ ամենայնի Հայաստանում է, ոչ թե ԱՄՆ-ում: Պարզապես հարցն այն է, թե արդյոք Տիգրան Սարգսյանն իր հաշվարկներով եւ պլաններո՞վ է թարմացնում աղմուկը, այսպես ասած՝ վերասրում ինտրիգը, թե՞ այդ ամենը կատարվում է այլ հաշվարկների շրջանակում, որոնց պարզապես ներգրավվում է նաեւ Տիգրան Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ