Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեր խմբագրություն դիմած ՀՀ քաղաքացի Ժաննա Յուսուպովան պատմեց, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալ:

«Նրանք իմ բնակարանը տակնուվրա արեցին, բացեցին իմ ներքնազգեստների պահարանը ու սկսեցին զվարճանալ: Մեկը մյուսին ցույց էր տալիս իմ ներքնազգեստները, ու ծիծաղում էին», - պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ խուզարկությունը ավարտելուց ու ոչինչ չգտնելուց հետո քննիչները իրեն ու ընկերուհուն «քարշ են տվել» Արտաշատի ոստիկանության բաժին:

Այնուհետեւ, Ժաննայի պատմելով, քննիչ Գոռը սկսել է հարցաքննությունը՝ առանց իրեն բացատրելու կարգավիճակը: Այդ վիճակով քննիչը սկսել է հարցեր տալ քննվող քրեական գործից, որին, Ժաննայի խոսքով, ինքն առնչվում է այնքանով, որ ընդամենը ճանաչում է հետախուզվող անձին, ու նրա մոտ իր անունով հեռախոսահամար է եղել:

«Ես ամեն ինչ պատմեցի՝ ոնց եղել է, սակայն քննիչը սկսեց թելադրել, թե ոնց պետք է գրվի, ու նրա թելադրածը տարամագծորեն ուրիշ բան էր: Բայց քննիչը ստիպում էր, որ ես ստորագրեմ իր հորինած վարկածի տակ, որը ինքն էր գրել, քանի որ ես հայերեն գրել ու կարդալ չգիտեմ»,-պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ երբ ինքը հրաժարվել է ստորագրել քննիչի կողմից գրված տեքստի տակ, քննիչը հեռախոսազանգ է կատարել, ասել, որ աղջիկը հրաժարվում է ստորագրել ցուցմունքի տակ:

«Նա խոսեց հեռախոսով, տեղյակ պահեց, որ հրաժարվում եմ ստորագրել, ու լսեցի, թե ոնց էր ասում՝ լավ չի ստորագրում, ուրեմն նստացնում ենք: Ասաց՝ եթե չես ստորագրում, ուրեմն մենք քեզ նստացնում ենք՝ առանց ինձ հայտնելու, թե ես ինչի մեջ եմ մեղադրվում: Բայց ստիպված, գիշերվա 3:30-ին, ես լացելով ստորագրեցի մի 4-5 էջ գրված այդ թղթի տակ, որից ոչ մի բան չէի հասկանում, քանի որ հայերեն էր»:

Ժաննան պատմեց, որ Արտաշատի բաժնում 4 ժամ շարունակ ոչ իրեն և ոչ էլ ընկերուհուն թույլ չեն տվել զուգարան գնալ, ջուր խմել: «Ես մի քանի անգամ խնդրեցի զուգարան գնալ, սակայն բոլոր անգամներն էլ ասացին, թե զուգարանն այդ պահին զբաղված է: Ջուր խնդրեցի, բայց ջուր էլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե ջրերը կտրվել են: Ու նույն կերպ վարվել էին նաև ընկերուհուս հետ, որը գտնվել է Արտաշատի քննչականի պետի սենյակում»,- ասաց Ժաննան:

Ժաննայի խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում մի քանի հոգի պարբերաբար մտել-դուրս են եկել, սպառնացել են իրեն և միայն գիշերվա մոտ ժամը 4-ին նոր բաց են թողել ու այդ ժամին ոչ էլ Երևան են հասցրել աղջիկներին:

Ի դեպ, Ժաննան նաև պատմեց, որ բաժնից դուրս գալուց առաջ քննիչ Գոռը խնդրել է ոչ ոքի չասել, որ իրենք ոստիկանության բաժնում են եղել: «Թող այդ մասին ոչ ոք չիմանա, լա՞վ՝ մեզ խնդրեց քննիչը»,- ասաց Ժաննան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ