Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչեւ հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես դիտորդ:

Առաջին անգամ մարտական հերթապահության մեկնած ժամկետային զինծառայող, շարքային Սարո Ս.-ին կրտսեր սերժանտ Կարապետյանը տեղեկացրել է, որ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելու, նստելու, սաղավարտը հանելու, զենքը ցած դնելու համար իր՝ ջոկի հրամանատարի կողմից սահմանված է հայհոյանք: Դատական ակտում նշված է, որ Սերյոժա Կարապետյանը դրսեւորել է «անարդար բծախնդրություն, հոգեբանական ճնշումներ է գործադրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն, օգտվել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանի թողտվությունից եւ պարբերաբար տեսնելով շարքային Սարոյի կողմից որոշ խախտումներ՝ հայհոյելով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

2012 թվականի մայիսի 23-ի ցերեկը Սերյոժա Կարապետյանը Սարո Ս.-ին 2 անգամ հերթապահելիս տեսել է նստած ու սաղավարտը հանած վիճակում, մայիսի 26-ի ցերեկը հերթապահության ժամանակ զինվորին տեսել է նստած:

Մայիսի 29-ին նա Սարոյին հերթապահության ժամանակ տեսել է նստած ու քնած: Վիճաբանել է զինվորի հետ, ապտակել է նրան, իսկ երբ Սարոն առաջարկել է խոսել, պատասխանել է, թե նրա հետ խոսելու բան չունի, ըստ դատական ակտի՝ հասկացրել է, թե հերթապահության ժամանակ նստող կամ քնող զինվորն իրեն «հավասարազոր անձնավորություն չէ»:

Մայիսի 31-ին Սերյոժա Կարապետյանը Սարոյին տեսել է հերթապահության ժամանակ նստած, հիշեցրել է իր սահմանած հայհոյանքի մասին, հայհոյել է Սարոյին, ձեռքերով հրել է նրան, հետո ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Սարո Ս.-ն պատասխան հարվածներ չի հասցրել, պահանջել է, որ Կարապետյանն իրեն չծեծի, ասել է, թե նա զորամասում իրեն պատասխան է տալու:

Սերյոժա Կարապետյանը սպառնացել է զորամասում այլ անձանց ներկայությամբ հրապարակել Սարոյին արատավորող տեղեկությունները՝ հասկացնելով, որ խախտումների ու հայհոյանքի տակ ընկնելու պատճառով այդ զինվորի «կարգավիճակը» զինծառայողների միջավայրում փոխվելու է:

Հունիսի 1-ին, ժամը 7-ն անց 30-ի սահմաններում Սարոյին խրամաբջջում հերթապահության ժամանակ նստած տեսնելով՝ Կարապետյանը հիշեցրել է հայհոյանքի մասին, արհամարհել է զրուցելու՝ զինվորի խնդրանքը, եւ հեռացել է:

Զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ըստ դատական ակտի՝ Սարո Ս.-ի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Նա նույն այդ օրը, դատական ակտի համաձայն, իրեն ամրակցված զենքով գետնատնակում ինքնասպանություն է գործել:

Հունիսի 1-ին, ժամը 8-ին մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերելով շարքային Սարո Ս.-ի դիակը՝ ավագ լեյտենանտ, դիրքի ավագ Խանյանը պատշաճ չի պահպանել դեպքի վայրը, լրացրել է զինվորի հանդերձանքը, ձեռք է տվել զենքին:

Սարոյի մայրը՝ տուժողի իրավահաջորդը, դատարանում ասել է, թե իր որդին եղել է կիրթ, խելացի, դաստիարակված: Մայրն ասել է, թե որդին, փաստաթղթերի համաձայն, պիտանի չի եղել շարային ծառայության համար, սակայն նրան տարել են մարտական դիրքեր՝ հերթապահություն իրականացնելու: Հնարավոր է՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով է զինվորը հաճախ նստել հերթապահության ժամանակ, բողոքել հոգնածությունից ու ոտքերի ցավից…

Մայիսի 27-ին մայրը վերջին անգամ է հեռախոսով խոսել որդու հետ: Սարոյի տրամադրությունը բարձր է եղել, նա չի դժգոհել: Մայրն իմացել է, որ հունիսի մեկին Սարոն ավարտելու է մարտական հերթապահությունը, գնալու է զորամաս…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ