Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանի առողջապահական համակարգում օր օրի բացասական երեւույթներ են ի հայտ գալիս, վաղուց արդեն գաղտնիք չէ: «Վիրաբույժի սխալը չէր բերի հիվանդի մահվան, եթե տվյալ բժշկական կենտրոնում բժշկությունը վերածված չլիներ բիզնեսի»,-այսպես են կարծում 54-ամյա Մարիետա Վասիլյանի հարազատները, ովքեր համոզված են, որ վերջինս մահացել է բժշկական սխալի արդյունքում:

Նշենք, որ Մարիետա Վասիլյանը վիրահատության է ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նախորդ տարվա փետրվարի 25-ին: Լաբարասկոպիկ վիրահատության արդյունքում հեռացվել է նրա արգանդը, սակայն վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշված պերիտոնիտից Մարիետան մահացել է:

Կնոջ հարազատները համոզված են, որ Մարիետայի մահը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի սխալների ու անփութության արդյունքն է: Իսկ նրա մահից հետո ստեղծված հանձնաժողովի փորձագետները մինչ օրս շարունակում են պնդել, որ հիվանդը մահացել է «ուղեկցվող այլ» հիվանդությունների պատճառով:

Հարազատների պատմելով՝ Մարիետայի վիրահատությունից հետո ԲԿ-ի գինեկոլոգ, վիրաբույժ Աշոտ Սիրունյանն իրենց վստահեցրել է, որ վիրահատությունը հաջող է անցել՝ առանց բարդությունների: Սակայն վիրահատության հաջորդ օրվանից սկսած Մարիետան ջերմել է, ինչը զարմանալիորեն չի խանգարել բժիշկներին հիվանդին ԲԿ-ից դուրս գրել: Այսինքն՝ Մ. Վասիլյանին բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել 38 աստիճան ջերմությամբ: Սրան զուգահեռ պնդել են, որ ամեն ինչ կարգին է նրա մոտ, եւ տանը ջերմությունը կիջնի: «Կարծում եմ՝ նրանք այդպես վարվեցին, որովհետեւ ցանկանում էին անհապաղ ազատել հիվանդասենյակը, քանի որ հիվանդանոցը լեցուն էր հիվանդներով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Մարիետայի եղբայրը՝ Արթուր Վասիլյանը:

Այս ամենից հետո, սակայն, Մարիետան չի ապաքինվել. նրա մոտ պահպանվել են եւ ցավերը, եւ բարձր ջերմությունը, որից հետո սկսվել են նաեւ սրտխառնոցներ ու փսխումներ: Իհարկե, Մարիետայի հարազատները վիրահատող բժշկին պարբերաբար տեղեկացրել են նրա առողջական վիճակի մասին, սակայն վերջինս անտարբերությամբ է պատասխանել՝ հեռախոսով հիվանդին հակաբորբոքային եւ ցավազրկող դեղեր նշանակելով:

Այնուհանդերձ, մարտի 2-ին՝ վիրահատության 5-րդ օրը, Մարիետայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են կրկին «Շենգավիթ» ԲԿ: Մարիետան հետազոտվել է, իսկ Աշոտ Սիրունյանը հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո հիվանդի հարազատներին վստահեցրել է, թե անհանգստանալու ոչինչ չկա: Որոշ ժամանակ անց Մարիետայի վիճակն ավելի է վատացել, եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ինչից հետո Մարիետան ենթարկվել է երկրորդ վիրահատության՝ այս անգամ այլ վիրաբույժի՝ Լեւոն Հակոբյանի կողմից:

Հարազատների պատմելով՝ արդեն երկրորդ վիրահատությունից հետո Ա. Սիրունյանը իրենց տեղեկացրել է, որ առաջին վիրահատության ժամանակ էլեկտրական դանակով պատահաբար վնասվել է հիվանդի աղիքը: Ինչի արդյունքում կղանքի մասերը լցվել են փորի մեջ՝ առաջացնելով ընդհանուր օրգանիզմի թունավորում:

ՙՎիրաբույժ Հակոբյանը նույնպես խոստովանեց այդ փաստը, որ էլեկտրական դանակի վնասումից հետո Մարիետայի բոլոր օրգանները թունավորվել են, արդյունքում նրա մոտ սկսել է սեփսիս կոչվող հիվանդությունը: Մարտի 4-ին Մարիետան, գիտակցության չգալով, մահացել է...»,- տխուր ձայնով պատմեց Արթուր Վասիլյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ