Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկից սկսած՝ իշխանությունը հետեւողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ այդ փոփոխությունները խաղաղ իշխանափոխության հնարավորություն են ստեղծում: Այդ մասին ամենաշատը խոսում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, «Այո»-ի քարոզչական շտաբի անդամ Դավիթ Հարությունյանը՝ խաղաղ իշխանափոխության հեռանկարը ներկայացնելով՝ որպես սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր ու դրական հնարավորություններից մեկը:

Դավիթ Հարությունյանն իշխանության քիչ թվով խելացի ներկայացուցիչներից է, եւ հասկանալի է՝ հենց այնպես չի խոսում այդ մասին: «Ոչ»-ի շարժումը հայտարարում է, որ մտադիր է սահմանադրական հանրաքվեն վերածել իշխանության վստահության հանրաքվեի այնպես, որ դրա տապալումը հանգեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականին: Անկախ նրանից՝ որքանով է դա իրատեսական կամ ոչ, հասկանալի է՝ նյարդայնացնում է իշխանությանը, ու իշխանությունը ենթագիտակցաբար պայքարում է դրա դեմ: Հենց այդ պայքարի արտահայտությունը պետք է համարել «խաղաղ իշխանափոխության» թեզը:

Այլ կերպ ասած, իշխանությունը հանրությանն ասում է՝ ընդդիմությունը ձեզ առաջակում է իշխանափոխություն՝ հանրաքվեի տապալման միջոցով, որն անիրատեսական է, մենք եւս ձեզ առաջարկում ենք իշխանափոխության հնարավորություն՝ երկարաժամկետ հեռանկարում: Բայց այս «թեզը», գայթակղիչ լինելով հանդերձ, նաեւ ինքնախոստովանություն է այն մասին, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխություն հնարավոր չէ, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իշխանությունն «ինչքան տոկոս ուզի՝ կխփի», իսկ դրա դեմ ընդդիմացողներին կխփի բառի ուղղակի իմաստով: Մարտի 1-ը դրա լավագույն ապացույցն է:

Սա իշխանության բռնազավթման անուղղակի խոստովանություն է, ինչը ով՝ով, բայց Դավիթ Հարությունյանը պետք է որ շատ լավ հասկանա: Ու հիմա ստացվում է, որ այն իշխանությունը, որը խոստովանում է, որ առանց Սահմանադրություն փոխելու՝ իշխանափոխություն հնարավոր չէ, կամ դա չի կարող լինել «խաղաղ», կամավոր նախաձեռնում է մի գործընթաց, որպեսզի դա հնարավոր դառնա: Համաձայնեք, որ ինչ-որ բան այնպես չէ: Եթե իշխանությունն այդքան կարեւորում է խաղաղ իշխանափոխությունը, ապա առնվազն մի քանի հնարավորություն է ունեցել՝ դա թույլ տալու եւ արժանապատիվ հեռանալու համար: Բայց դա չի արել, հակառակը՝ խաղաղ իշխանափոխություն թույլ չտալու համար չի խորշել անգամ արյունահեղությունից:

Հիմա ինչպե՞ս է ստացվել, որ այդ նույն իշխանությունը կամավոր փոխում է Սահմանադրությունը՝ հեռանալու համար: Այս հարցը հնչում է տասնյակ անգամներ ու այդպես էլ բանական պատասխան չի ստանում: Իսկ քանի դեռ չի ստանում, Դավիթ Հարությունյանի քարոզչական այս թեզը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ամեն անգամ հիշեցնելով, որ իշխանությունը Հայաստանում բռնազավթված է, եւ այդ նույն իշխանությունը չի պատրաստվում հեռանալ խաղաղ ճանապարհով: Կամ գուցե Դավիթ Հարությունյանը զբաղվում է ոչ թե քարոզչությամբ, այլ հակաքարոզչությամբ՝ այդպիսով նպաստելով «խաղաղ իշխանափոխությանը»: Դա արդեն իշխանության ներքին խնդիրն է, որը Սահմանադրության ու հասարակության հետ որեւէ առնչություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ