Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում առավոտյան տարածված տեղեկատվությունը՝ արտասահմանցիներից կազմված ահաբեկչական խմբավորման բացահայտման եւ Երեւանում նախատեսվող տեռորիստական ակտերի կանխարգելման մասին, հասարակության համար շոկային փուլից ըստ էության անցնում է Հայաստանի համար երեւի թե ավանդական փուլի, երբ նմանօրինակ արտառոց զարգացումներով փորձ է արվում ներգործել ընդհանուր հասարակական-քաղաքական իրավիճակի վրա:

Այս մտքին առաջին հերթին բերում է այն, որ տեղի ունեցող աղմկոտ բացահայտումը արձանագրվում է սահմանադրական հանրաքվեից մի քանի օր առաջ, երբ ներքին զարգացումները Հայաստանում մոտենում են որոշակի կիզակետի: Մի կողմից՝ սահմանադրական «այո»-ի ու «ոչ»-ի պայքարը «ռեալիթի շոուի» ձեւաչափով, մյուս կողմից՝ «ոչ»-ի շարժումը, եւ մեկ այլ կողմից էլ՝ անհնազանդության շարժումը, որի մեկնարկը հայտարարվել է դեկտեմբերի 1-ին:

Այս ամենը հայկական ներքաղաքական կյանքի գրեթե անխուսափելի թվացող եռք են նախանշում, եւ այս իրավիճակում տեղի ունեցած աղմկոտ բացահայտումը ըստ էության կարող է դառնալ, այսպես ասած, «եռքի արհեստական արագացման» դրսեւորում, կամ, ինչպես ժամանակակից առողջապահությունը դեղահաբերի օգնությամբ արագացնում է երկունքը: Մյուս կողմից, արագացնելով հանդերձ, այս իրադարձությունը ըստ էության կարող է եւ արգելակող դեր ունենալ, կամ շեղող, ինչպես ընդունված է ասել:

Այս առումով, պետք է, օրինակ, արձանագրել, որ հասարակության շրջանում, նաեւ հասարակական-քաղաքական ուժերի շրջանում բավական բացահայտ էին սպասումները, որ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ շեղող հանգամանքի դեր կարող էր կատարել Ղարաբաղյան խնդիրը: Համենայն դեպս, ներքաղաքական սուր սպասումների, սուր զարգացումների պարագայում իշխանությունները Հայաստանում հաճախ են Ղարաբաղյան խնդրով զարգացումները հակադրել ներքաղաքական իրողություններին, սահմանյին սրացումներով փորձել ազդել հասարակության ներքին վարքագծի վրա: 

Ավելին՝ այս տեսանկյունից, երբ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի սկզբին պատրաստվում է ծավալուն հեռուստահարցազրույցի, միաժամանակ հայտարարվել էր դեկտեմբերի սկզբին նրա եւ Ալիեւի հնարավոր հանդիպման մասին, հանրային տարբեր շրջանակներում էլ ավելի խորացավ ենթադրությունը, որ չի բացառվում հենց դեկտեմբերի 6-ի քվեարկությունից առաջ ղարաբաղյան խաղաքարտի հերթական ներքին խաղարկման հնարավորությունը, քանի որ, ըստ էության, էլ ի՞նչ ասելիք կարող են ունենալ իշխանությունները, որոնք ներքին կյանքում ձախողվել են բոլոր առումներով եւ կորցրել հասարակությանը որեւէ հավաստի եւ համոզիչ դրական մեսիջ հղելու կարողությունները, հրաժարականների մասին հայտարարություններից զատ: 

Սակայն, ինչպես երեւում է, այս անգամ ղարաբաղյան խաղաքարտի փոխարեն խաղարկվում է այլ խաղաքարտ, որը, ըստ էության, մեծ հաշվով կրկին ինչ-որ իմաստով արտաքին տրենդի մեջ է. ահաբեկչության դեմ պայքարն այսօր համաշխարհային օրակարգ է, եւ թեեւ պարզվում է, որ այս դեպքում իհարկե գործ ունենք ոչ թե «իսլամիստների», այլ նախկին հայաստանցիների կամ սփյուռքահայերի հետ, բայց այնուամենայնիվ նրանց վերագրվում են տեռորիստական մտադրություններ:

Սա էլ երեւի թե այդ բացահայտման, այսպես ասած, «արտաքին լեգիտիմություն» ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ