Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախօրեին քննարկել է կոալիցիայի հարցերը եւ, դատելով ՀՀԿ խոսնակի դերը ստանձնած Գագիկ Մինասյանի հայտարարությունից, չի եկել որեւէ ընդհանուր հայտարարի: Մինասյանը հայտարարել է, որ քննարկումների շարունակությունը ցույց կտա, թե ինչ համագործակցություն կունենան այլ կուսակցությունների հետ:

Այս պատկերը վկայում է, որ իշխանական նոր կոալիցիայի հարցում իրավիճակը իսկապես բավական բարդ է, եւ այստեղ Սերժ Սարգսյանի համար ընթացքը կարող է սահուն չլինել: Համենայն դեպս, ՀՀԿ-ն շարունակում է բավական սառն ընդունել ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնության մասին տեղեկատվությունը, եւ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին չի հաջողվել ՀՀԿ գործկոմի նիստում համոզել կամ պարտադրել այդ պայմանավորվածությունը ՀՀԿ-ին: Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը պարզապես դա չի ուզում եւ ընդամենը փորձում է սադրել նորանոր հակադրություններ՝ դրանց վրա կառավարելու համար:

Վերջիվերջո, իր նախագահության գրեթե ամբողջ շրջանում Սերժ Սարգսյանը կառավարեց այս հակադրությունների վրա խաղալով՝ եւ՛ ներիշխանական, եւ՛ արտաքին քաղաքական հարթություններում: Սակայն այս հակադրություններն ինքնին կան, եւ այն, որ Սարգսյանը դրանք ոչ թե խեղդում է, այլ դրանց վրա խաղում, վկայում է, որ նա, մեծ հաշվով, այդ հակասությունները ճնշելու ռեսուրսներ չունի, եւ իշխանական տարբեր խմբավորումները, մասնավորապես՝ ՀՀԿ շրջանակում կենտրոնացած, փորձում են դիրքային բավական կոշտ պայքար մղել իրենց հետագայի համար:

Դրա վկայությունն են նաեւ նախարարներ Կարեն Ճշմարիտյանի եւ Գագիկ Բեգլարյանի հայտարարությունները իրենց հնարավոր պաշտոնանկությունների եւ կառավարության փոփոխության վերաբերյալ: Նախարարները դրանք բամբասանք են որակում, Գագիկ Բեգլարյանը հայտարարում է, որ առաջին անգամ է լսում փոփոխությունների մասին: Այսինքն՝ նրանք համենայն դեպս ակնարկում են, որ առնվազն դիմադրելու են եւ չեն հեռանալու լուռ ու հնազանդ, ասել է թե՝ հեշտ ու հանգիստ չեն զոհաբերվելու: Իսկ այս նախարարները իշխանական, այսպես ասած, առաջին շրջանակի դեմքեր չեն, հետեւաբար եթե նրանք են բավական բացահայտորեն ակնարկում դիմադրության մտադրության մասին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ սուր պայքար է այդ առաջին շրջանակում: Կամ էլ Բեգլարյանն ու Ճշմարիտյանը հենց առաջին շրջանակում գտնվող որեւէ դեմքի հովանու ներքո են պատրաստվում դիմադրել կառավարության փոփոխություններին:

Սրան զուգահեռ, Հայաստանում ստեղծված տնտեսական եւ քաղաքական մթնոլորտում այս իրավիճակը բոլորովին զարմանալի չէ, եւ կոալիցիոն հեռանկարների անհրաժեշտությունը պայմանավորված է հենց սրանով. ակնհայտ է, որ առանց կոալիցիայի՝ իշխանությունները չեն կարողանալու հաղթահարել ներքին շահերի բախումը, որն ավելի է խորանալու տնտեսական ռեսուրսների սպառման եւ արտաքին մարտահրավերների աճին զուգահեռ: Այսինքն՝ իշխանության ներսում, ըստ ամենայնի, ավելի շատ ոչ թե կոալիցիային դիմադրելու գործընթաց է, այլ այդ կոալիցիայում հարմար եւ մեծ տեղ ունենալու:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ