Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկված հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հաղթանակն է, այլ Գերմանիայի ջանքերի արդյունքը: Այս կարծիքին է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը: Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ Գերմանիան այս տարի ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ ձգտում է անել ամեն ինչ հակամարտության գոտիներում նոր էսկալացիայից խուսափելու համար:

«Ակնհայտ է, որ եթե բանաձեւն ընդունվեր, դա մեծ հարված կհասցներ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային»,- ասաց Գերասիմչուկը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, քվեարկության էին դրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 եւ ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ, ինչպես նաեւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի տարածքների ջրազրկումը Լեռնային Ղարաբաղի կողմից» բանաձեւի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 98, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40 պատվիրակ: Բանաձեւերի ընդումանը կողմ էին քվեարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, իսպանացիներ, ֆրանսիացիներ, հույներ, սերբեր, բելգիացիներ, այլ երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների ընդունմանը կողմ են քվեարկել Ուկրաինայի եւ Վրաստանի պատվիրակության բոլոր անդամները:

Մեր զրուցակիցը մասնավորապես Ուկրաինայի դիրքորոշումը բացատրում է մի քանի գործոններով: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի արբանյակ պետություն, եւ Կիեւը, փաստացի պատերազմի մեջ լինելով Մոսկվայի հետ, աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուկրաինացիների պատկերացմամբ՝ դեմ են Ռուսաստանի շահերին:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ուկրաինացի պատգամավորների քվեարկությունը: Փաստորեն, Ուկրաինայի պատվիրակության բոլոր անդամները կողմ քվեարկեցին ադրբեջանամետ զեկույցի ընդունմանը:

Ինչ վերաբերում է ուկրաինական խմբի քվեարկությանը՝ այստեղ պետք է նաեւ հաշվի առնել իրավիճակը Ուկրաինայում: Ուկրաինան երբեք չի ճանաչել ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Մերձդնեստրը, ո՛չ Աբխազիան եւ ո՛չ էլ Հարավային Օսիան: Ուկրաինայի դիրքորոշումը նույնն է նաեւ Կոսովոյի հարցում: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան միշտ հաշվի է առել վտանգները՝ կապված Ղրիմի հետ: Առավել եւս հիմա Ուկրաինան պնդելու է, որ պահպանվեն միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները: Սա լինելու է Ուկրաինայի առանցքային սկզբունքը միջազգային հարթակներում Ղրիմից եւ Դոնբասից հետո, եւ Ուկրաինան աջակցելու է նրանց, ովքեր ճիշտ են միջազգային հանրության տեսանկյունից: Եթե Կիեւը փոխի իր դիրքորոշումն այս հարցերում, նրա համար շատ դժվար կլինի շարունակել պահանջել Ղրիմի վերադարձը:

Իր դերն է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանն ավելի հաճախ է սկսել ընկալվել որպես Մոսկվայի արբանյակ: Իսկ Կիեւը Մոսկվայի հետ դե ֆակտո պատերազմի վիճակում է: Այդ պատճառով, ենթադրում եմ, մեր պատվիրակները միջազգային հարթակներում մեծամասամբ աջակցելու են այն նախաձեռնությունները, որոնք ձեռնտու չեն Մոսկվային: Ես, իհարկե, համոզված չեմ, բայց ենթադրում եմ, որ եթե որեւէ նախաձեռնություն ուղղված է ՌԴ-ի կամ վերջինիս արբանյակների դեմ, ապա կպաշտպանեն այն՝ առանց մանրամասների մեջ խորանալու:

Այսինքն՝ կարելի է ասել, որ իր դերը խաղացել է նաեւ Հայաստանի պատվիրակության քվեարկությունը ԵԽԽՎ-ում Ղրիմի հարցով, այդպե՞ս է:

Ես չեմ բացառում այդ տարբերակը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա ադրբեջանամետ կամ հակահայկական քվեարկություն չէր: Ավելի շուտ ուկրաինացիները դա ընդունել են որպես անուղղակի միջոց կամ հերթական հնարավորությունը պահանջելու Ղրիմը եւ ցանկություն դեմարշի ենթարկել ռուսական կողմին: Համոզված եմ, որ եթե Երեւանը հանդես գա որեւէ նախաձեռնությամբ՝ ուղղված Ռուսաստանին եւ նրա ախորժակը տարածաշրջանում զսպելուն, ապա նա միանշանակ կարող է հույս ունենալ, որ կստանա Կիեւի աջակցությունը: Բայց այն ստվերը, որը Ռուսաստանը, որպես դաշնակից, գցում է Հայաստանի վրա, բացասական դերակատարություն է ունենալու նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ