Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորության վերաբերյալ։

Նման ակնկալիքների համար անշուշտ որոշակի հիմքեր կան, սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Սակագնային տարվա ավարտին դեռ հինգ ամիս ժամանակ կա եւ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։ 

Մյուս կողմից՝ սակագների վրա ազդող գործոնները բազմազան են։ Այս պահին դրանք ինչպես դրական, այնպես էլ բացասական են։
Նախորդ տարվա գործունեության արդյունքներով համակարգը ոչ միայն դուրս է գալիս կուտակված փոխադարձ պարտքերի շղթայից, այլեւ բարելավվում է ֆինանսական դրությունը։ Իրականացված միջոցառումները բարենպաստ պայմաններ են ստեղծել հասարակությանը հուզող ամենակարեւոր խնդրի՝ սակագնի վրա ճնշումը թուլացնելու համար։ 

Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, անհամեմատ բարելավվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը։ Մասնավորապես նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում։ 

2015թ. ցուցանիշներով աճ արձանագրվեց ինչպես ատոմակայանի, այնպես էլ հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրված էլեկտրաէներգիայի առումով. առաջինում արտադրության ծավալներն ավելացան 13,1, երկրորդում՝ 10,7 տոկոսով։ 

Ընդ որում, համակարգում նվազեցին ջէկերի մատակարարումները։ Ջերմային կայանների արտադրած հոսանքը, որը, ինչպես հայտնի է, անհամեմատ թանկ է, կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Չնայած դեռ չեն հրապարակվել այս տարեսկզբի էներգաարտադրության ցուցանիշները, այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ասելու, որ միտումները հիմնականում պահպանվել են նաեւ հունվար-փետրվարին։ Ըստ էության, դրան խանգարող գործոններ չեն եղել։

Էներգաարտադրության կառուցվածքը չափազանց կարեւոր հանգամանք է սակագների ձեւավորման գործում։

Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում առաջացան լուրջ ֆինանսական ճեղքվածքներ։ Դրանք բերեցին սակագների հարկադրված բարձրացման։

էլեկտրաէներգիայի կառուցվածքը համարվում է սակագների վերանայման հիմնական պատճառներից մեկը։ Պլանավորվածից շեղումների հետեւանքով նախորդ տարիներին ՀԷՑ-ում առաջացած վնասները կազմեցին մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ 

Հերթական սակագնային տարում էներգաարտադրության դրական կառուցվածքը թույլ է տվել ոչ միայն նոր վնասներ չկուտակել բաշխիչ ցանցերում, այլեւ նույնիսկ հավելյալ հասույթներ են ձեւավորվել։ Խոսքը շուրջ 3-3,5 մլրդ դրամի մասին է։ 

Սա այն լրացուցիչ գումարն է, որը ՀԷՑ-ում առաջացել է սակագնով սահմանված հաշվեկշիռների համեմատ ավելի մեծ քանակությամբ, պարզ ասած, էժան էլեկտրաէներգիայի առաքմամբ։ Եթե հաջողվի այս միտումը պահպանել մինչեւ սակագնային տարեվերջ, ապա այդ գումարը ներառվելու է հաջորդ սակագների հաշվարկներում եւ ունենալու է դրական ազդեցություն նվազման ուղղությամբ։ 

Հաջորդ սակագնային տարում էլեկտրաէներգիայի էժանացման վրա դրական ազդեցություն ունեցող մյուս կարեւոր գործոնը նախորդ տարիների կուտակված պարտքերի, այսպես ասած, ամբողջական մարումն է։ Ինչպես հայտնի է, դրանք ներառված են գործող սակագների մեջ եւ նախատեսվում է փակել մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը։ Սա նշանակում է, որ նոր սակագնային տարում վերանում է 23,4 մլրդ դրամ հավելյալ հասույթ ստանալու խնդիրը, որը տարբեր պատճառներով առաջացել էր բաշխիչ ցանցերում։ 

Սրանք այն երկու կարեւոր գործոններն են, որոնք դրական դեր ունեն սակագների վրա։ Եթե չլինեն այլ խանգարող հանգամանքներ, ապա դրանց շնորհիվ սակագինն անպայման կնվազի։ 

Սակայն դա առայժմ այնքան էլ միանշանակ չէ։ Գոյություն ունի հատկապես մի կարեւոր հանգամանք, որ հարկ է հաշվի առնել էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ դատողություններ անելիս։ 

Խոսքը մասնավորապես ատոմակայանի նախատեսվող երկարատեւ կանգառի մասին է։ Ինչպես հայտնի է, ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով ավելացնելու ծրագրի շրջանակներում 2017-2018թթ. սակագնային տարիներին ատոմակայանն ունենալու է երկու երկարատեւ դադար համապատասխանաբար՝ 3 եւ 4 ամսով։

Հաշվի առնելով, որ ԱԷԿ-ը հոսանքի արտադրության անհամեմատ էժան աղբյուր է եւ կարեւոր դեր ունի սակագների ձեւավորման գործում, նման երկարատեւ կանգառը չի կարող չմեծացնել ճնշումը։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին ՀԷՑ-ում ճեղքվածքների առաջացման պատճառներից մեկն էլ ատոմակայանի նախատեսվածից ավել կանգառն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ