Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բրեժնեւյան ժամանակների հայտնի անեկդոտում առաջարկվում էր վարագուրել պատուհանները, ճոճել վագոնն ու պատկերացնել, թե գնացքը սլանում է։ Հենց այդ խորհրդին է հետեւում հայրենի ընդդիմությունը, հայտարարելով, թե պատրաստ է միավորվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ենթադրենք (տեսականորեն, իհարկե), թե դա տեղի ունեցավ։ 

Ամենաբարդ խնդիրը, որին անխուսափելիորեն կբախվի միավորված ընդդիմությունը, նախընտրական ցուցակների կազմումն է։ Անցողիկ տեղերը կանխահայտորեն չեն բավականացնի բոլոր ցանկացողներին, իսկ երբ նավակում տեղերն անհամեմատ քիչ են, քան ուղեւորները, ապա տախտակամածին ու նավամբարներում խնդիրներ են առաջանում։

Առավել եւս անխուսափելի, քանի որ ընդդիմադիր կուսակցություններում (ասենք, եւ ընդհանրապես կուսակցություններում) հավաքվում են իշխանության հասնել ցանկացող, այսինքն՝ փառամոլ մարդիկ։ Մինչ ընտրություններում մի ճամբարի փառամոլները կմրցեն մյուս ճամբարի փառամոլների հետ, կուսակցություններում տեղի են ունենում ոչ պակաս սուր ներքին ընտրական մրցություններ։

Սակայն տվյալ ընդհանուր օրինաչափությունը չի բացատրում, թե ինչու է տարբեր ճամբարներում ներքին մրցումների սրությունը տարբեր։ Մրցակցում են ամենուր, բայց, ասենք, ՀՀԿ-ում կամ ՀՅԴ-ում ի վերջո հաղթում է համակուսակցական շահը, իսկ ընդդիմության պարագայում մրցումներն ուղեկցվում են պառակտումների ու հրապարակային սկանդալների շարանով։

Ինչպե՞ս ընտրել լավագույն մարդկանց եւ նույնիսկ ի՞նչ հասկանալ՝ ասելով լավագույն մարդիկ։ Այստեղ հնարավոր է մեծ տարածք դատողությունների համար։ Փորձեք պատասխանել այդ հարցին։ Դե, մտքում գցեք-բռնեք, եւ շա՞տ բան կստանաք ի վերջո։

Չենք խոսում արդեն այն մասին, որ ամեն մի քաղաքական գործիչ գիտի. խնդրել, պահանջել ու սպառնալ պետք է առավելագույն չափով եւ նույնիսկ առավելագույնից ավելի։ Կա՛մ բլեֆդ կաշխատի, եւ ստացված արդյունքը կգերազանցի սպասումները։ Կա՛մ էլ բլեֆդ չի աշխատի, եւ այդժամ կստանաս այն, ինչ իրատեսորեն կարող էիր ակնկալել հենց սկզբից։ Այդ ամենը կրկնակի բարդացնում է նախընտրական ցուցակների կազմման գործընթացը։

Լավ, գուցե այդ դեպքում Տեր-Պետրոսյանն իր ձեռքն առնի նախաձեռնությունը եւ միավորի՞ ընդդիմությանը։ Իհարկե, մեզ կարող են առարկել, թե Տեր-Պետրոսյանն ընդդիմության ճամբարում վաղուց արդեն ընկալվում է որպես միապետ, որին վայել չէ զբաղվել այդչափ երկրային գործերով։
Սակայն «միապետը քաղաքականությունից վեր է» սկզբունքն իր էությամբ շինծու է, քանզի քաղաքականությունն էլ տարբեր է լինում։ Իսկապես, միապետին վայել գործ չէ միջամտել այն հարցին, թե հատկապես ով կզբաղեցնի անցողիկ տեղերը նախընտրական ցուցակում եւ առաջիկա հինգ տարիներին կխաբի աշխատավորներին։ Բայց կան քաղաքականության այնպիսի հարցեր, որոնց միջամտելը միապետի պարտքն է։

Ինչ վերաբերում է այսօրվա իրողություններին, ապա սովորական փոցխն է, ընդդիմությունը, Աստված մի՛ արասցե, դեռ շատ անգամներ ոտքը կդնի վրան։ Կրկնում ենք, նախընտրական ցուցակների անցողիկ մասերում տեղեր զբաղեցնել ցանկացողներն ավելի շատ են, քան այդ տեղերը։ Իսկ երբ ամեն ինչ քիչ է, բայց բոլորը՝ շատ...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ