Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Անկեղծ ասած, ես չեմ էլ նկատել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկել են, գնացե՞լ են, որովհետեւ ես որեւէ ակնկալիք էլ չունեի նրանցից, եւ սպասելի էր, որ իրենք անելու են հերթական անդեմ հայտարարությունը»,- երեկ մեզ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ գնահատելով Մինսկ խմբի համանախագահների այցը Հայաստան:

Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարում ցանկացած արդարացում, երբ Մինսկի խումբը նախահարձակ երկրին՝ Ադրբեջանին, եւ Հայաստանին անդեմ հայտարարություններ է ուղղում. «Մեր դիակների խոշտանգումները Ադրբեջանի կողմից տիպիկ «Իսլամական պետության» ձեռագիր են»: Նա նշեց, որ այդ փաստացի նյութերն ուղարկվել են ԵԽԽՎ բոլոր քաղաքական ուժերի խմբերին, եւ դրանք բավարար են՝ «Ադրբեջանը ճանաչելու ռազմական հանցագործ, ահաբեկչական պետություն»՝ հավելելով, որ այդ ամենի մեղավորը միջազգային հանրության հանցավոր լռությունն է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարծես թե 3 օրում մեր կյանքը փոխվեց: Եվ մեր քաղաքական օրակարգում մենք պետք է կարողանանք շատ ավելի ճիշտ դասավորել մեր գերակայությունները: Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը»:

Նրա խոսքով՝ իհարկե, վերանայման կարիք ունեցող խնդիրները շատ են, եւ Արցախի խորհրդարանի հետ պետք է հրավիրել մի քանի փակ նիստեր՝ լրջագույն խնդիրները եւ բացթողումները քննարկելու համար. «Մենք բոլորս մեղավոր ենք, որ սահմանին զոհվում է հայ զինվորը»:

«Ես ամենավերջին անբարոյականությունն եմ համարում, որ գնում են եւ դիրքերում սելֆիներ են անում ու իրենց նկարները գցում Ֆեյսբուք: Կատեգորիկ պիտի այդ ողջ ոհմակը արագ հետ ուղարկվի Երեւան: Ես չգիտեմ՝ աստղեր են, ինչ են: Եթե գնացել եք ինչ-որ բանով օգնելու, օգնեք լուռ՝ առանց ձեր սելֆիները տեղադրելու: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է զոհված զինվորի ծնողի հանդեպ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ