Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «100 կյանք» նախաձեռնության` ապրիլի 24-ին տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխությունը զարմացրել է շատ-շատերին, զարմացրել է հաճելիորեն. Հայաստանում կայացավ մի իրադարձություն, որն իր որակով, կազմակերպվածությամբ, ուղերձներով դուրս էր հայկական իրականության մանրությունից, ճղճիմությունից ու տասնամյակներ կրկնված լալահառաչաթյունից։ «Ավրորա» մրցանակաբաշխությունն իսկապես այլ չափողականության, այլ Ժամանակի ու այլ տարածության իրադարձություն էր, որը կարող էր նույնությամբ անցկացվել աշխարհի ամենազարգացած մայրաքաղաքներից որեւէ մեկում։ Այդ միջոցառումը, իհարկե, կազմակերպված էր շատ բարձր մակարդակով՝ ինչպես՝ տեխնիկական պայմանների, այնպես էլ՝ մասնակիցների ներկայացուցչականության առումով։

Սակայն մրցանակաբաշխության այդչափ հաջողվածության պատճառն առաջին հերթին՝ դրա հիմքում դրված ուղերձներն էին, գաղափարախոսությունը՝ առաջին անգամ աշխարհից ոչ թե՛ պահանջել, ոչ թե՛ մուրալ ու սպասել, այլ՝ աշխարհին տալ ինչ-որ բան՝ երախտագիտության, շնորհակալության տեսքով։ Դա Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր ներկայացնելու, թերեւս, ամենահաջողված ճանապարհներից մեկն էր, որը հնարավորություն է տալիս համազգային, համամարդկային խնդիրն իջեցնել մարդու, անհատի մակարդակի՝ միաժամանակ այն դարձնելով գլոբալ, համաշխարհային հիմնախնդիր։

«Ավրորա» մրցանակաբաշխությունը, սակայն, այս ամենով հանդերձ՝ արտահայտում էր նաեւ այն հակասականությունը, որն առկա է այսօրվա Հայաստանի ու այդ նախաձեռնության հեղինակների տեսլականի, նրանց գործի հիմքում ընկած արժեքների միջեւ:

Որովհետեւ այդ մրցանակաբաշխությունն անց էր կացվում մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ արվում է մարդու, անհատի դեմ, որտեղ առանձին վերցրած մարդիկ, մարդկանց խմբեր զբաղված են հանրային ու պետական բարիքների անմնացորդ մսխմամբ, որտեղ անհատը, քաղաքացին պետության համար ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց։ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, դրա հիմքում դրված գաղափարներն իրենց ամբողջության մեջ հակապատկերն են բոլոր այն որակների, որ կրում է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ընտրախավ կոչվածը, որի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունն օրգանական որեւէ առնչություն չունի մարդասիրության, այլոց օգնելու հատկությունների, խիզախության ու կամքի հետ։

Այնպես որ, «Ավրորա» մրցանակը շատ արդիական է նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Դա պետք է շնորհել այն անհատներին, ովքեր կկարողանան Հայաստանը փրկել բոլոր նրանցից, ովքեր պետությունը հասցրել են այս որակներին, ավելի ճիշտ անորակությանը։ Դրա համար «Ավրորայի» նախաձեռնողների պատկերացրած Հայաստանը պետք է պայքարի այսօրվա Հայաստանի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ